ԱԳՆ ջանքերով կկազմակերպվի 70 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան. խոսնակ
Հայտնի է դարձել, որ կազմակերպվել է Թուրքիայից մեր քաղաքացիների Հայաստան տեղափոխումը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, թե փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպես է հնարավոր եղել կազմակերպել այդ գործընթացը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, և առաջնահերթություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին:
«Նշենք, որ ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գնտվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, ովքեր Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է», - նշել է Նաղդալյանը «Արմենպրես» գործակալության հարցին ի պատասխան:
ԱԳՆ խոսնակը անդրադարձել է նաև Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրությանը, որում նշվում է, որ Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»,- շեշտել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ այդ հաղորդագրության, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարք արք. Սահակ Մաշալյանին և առաջարկել Թուրքիայի աջակցությունը։ Էրդողանը հայտնել է, որ հեշտացրել է հայաստանցիների վերադարձի պայմանները հայրենիք և պատրաստակամություն է հայտնել Հայաստանին օգնել դեղորայքի հարցում։