Մոսկվայում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը
Մոսկվայի «Նովոմոսկովսկի» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացել, ցավոք բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» հայտնում է, որ նա մահացել է նույն հիվանդանոցում, որտեղ մի քանի օր առաջ մահացել էր նաև նրա կինը՝ համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր, Ի. Սեչենյովի անվան համալսարանի պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը՝ կորոնավիրուսից:
Ըստ աղբյուրի, ամուսինները հիվանդանոց էին տեղափոխվել գրեթե միաժամանակ՝ մարտի կեսերին։ Մինչ այդ նրանք չեն շփվել կորոնավիրուսով վարակված որևէ անձի հետ և արտասահմանում չեն եղել։ Սակայն կնոջ թեստավորումը դրական է եղել. Հասրաթյանը մահացել է մարտի 26-ին։
Միշիկ Ղազարյանը հայտնի ֆիզիկոս էր, սպեկտորի տեսանելի մասի ամենավառ իմպուլսային-պարբերական լազերի ստեղծողը։ Այս աշխատանքի համար 1980 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Մինչև կյանքի վերջին տարիներն աշխատել է Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում, որպես գիտական քարտուղար և առաջատար գիտաշխատող։