Նախագահի ընտրությունների երկրորդ փուլում զանգվածային նախընտրական հանդիպումներ չեմ անցկացնելու: Այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը մարտի 31-ին կայացած նախագահական ընտրություններին հավաքել է ձայների 49,2 տոկոս ձայն:
«Արդեն իսկ հայտարարվել է, որ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է նախատեսված ըստ օրենսդրության: Իրավիճակը թող իշխանությունները գնահատեն և հասկանան՝ ինչպես պետք է կազմակերպեն այն: Բայց ես հայտարարում եմ, որ հանդիպումներ չեմ իրականացնելու: Իսկ ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա դա կգնահատեմ ըստ ակտիվության»,- ասաց Հարությունյանն իր շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին՝ հավելելով, որ արցախցի ընտրողն արդեն իսկ կողմնորոշված է, և շատ անելիքներ այդ առումով չկա:
Ինչ վերաբերում է խոհրդարանական ընտրոթյուններին, որոնց արդյունքում «Ազատ հայրենիք» կուսակցությունը ստացել է ձայների շուրջ 40 տոկոսը, որը բավարար չէ կառավարություն ձևավորելու համար, Հարությունյանն ասաց, որ համագործակցության առաջարկ է անում բոլորին:
«Պատրաստ եմ բոլորի հետ համագործակցել», - ասաց նա, որին լրագրողն ընդհատեց հարցով. «Սամվել Բաբյանի հետ պատրա՞ստ եք համագործակցել»:
Արայիկ Հարությունյանը կոնկրետ անուններ չնշեց. «Չեմ ուզում հստակ անուններ տալ, համագործակցություն կարող է լինել այն ուժերի հետ, որոնք պատրաստ են ընդունել Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության օրակարգը: Եվ կա մեկ կարևոր պայման՝ Արցախը Հայաստան է և վերջ, ու Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ: Միայն մի հարցով կարող է լինել տարաձայնություն, դա ղարաբաղյան խնդիրն է, և, փառք Աստծո, այսօր որևէ տարաձայնություն չկա գոնե մեր քաղաքական ուժի ու Հայաստանի իշխանությունների միջև», - ասաց նա:
Հարությունյանն ասաց․ «Այն ուժերը, որ պատրաստ են համագործակցել այս ծրագրի շրջանակում, մենք պատրաստ ենք…»:
Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով հատկապես կորոնավիրուսի հարուցած տնտեսական լուրջ հետևանքները, կարևորեց համագործակցությունը թե՛ Արցախի ներսում, թե՛ Հայաստանի իշխանությունների հետ: «Մեզ աղետ է սպասվում և Արցախը կարող է շատ լուրջ դերակատարություն ունենալ Հայաստանի պարենային անվտանգության ապահովման հարցում: Եթե այս ճգնաժամը շարունակվի մինչև մայիս ամիս, ապա մենք լուրջ խնդիր ենք ունենալու Հայասանի ու Արցախի վճարային բալանասի լրացման առումով: Այդ բալանսը լրացվում է տրանսֆերտների ու տուրիզմի հաշվին: Այս պահին ոչ տրանսֆերտ, ոչ էլ տուրիզմ ունենք»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ մի քանի ամիս կարող են բավարարել արտարժութային պահուստները, որոնք անցյալ տարի համալրվել են 500 մլն դոլարով: «Բայց դրանք այնքան շատ չեն, որ կարողանանք երկար դիմանալ: Վճռական քայլեր է պետք կատարել: Աղետ է սպասվում», - ասաց նա: