Հայաստանում առաջարկում են չդիահերձել կորոնավիրուսի հետևանքով մահացածներին
Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում:
Այս մասին ԱԺ-ում այսօր կառավարության նախաձեռնությամբ անցնակվող արտահերթ նիստին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է կորոնավիրուսային հիվանդության հետտևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում»,- ասաց Բադասյանը։