Կառավարության մարտի 26-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ չնայած կորոնավիուսի պատճառած սոցիալ-տնտեսական դժվարություններին առաջին եռամսյակում մոտավորապես 5 մլրդ դրամով կգերակատարվեն հարկային եկամուտները։ Սակայն նա նաև հայտնեց՝ մանրածախ առեւտրի ծավալների աճին զուգահեռ ազդակներ են ստանում, որ սկսել է կիրառվել ՀԴՄ չտալու պրակտիկան:
«Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարեւորությանը», - ասաց նա՝ հավելելով, որ սոցիալական և տնտեսական աջակցության խնդիրների լուծման համար կառվարությանը պետք են եկամուտներ, որոնք ձևավորվելու են հարկային համակարգի միջոցով։ «Շատ է ասվում՝ մարդիկ չեն աշխատում, իրենցից հարկ եք ուզում։ Չաշխատող, շրջանառության բացակայության, շահույթի բացակայության պարագայում հարկ ուզել հնարավոր չէ։ Հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձեւավորված պարտավորություն, սա շատ կարեւոր է արձանագրել»,- ասաց վարչապետը։
Միևնույն ժամանակ վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից ասաց՝ մանրածախ առեւտրի ծավալների աճին զուգահեռ ազդակներ են ստանում, որ սկսել է կիրառվել ՀԴՄ չտալու պրակտիկան՝ համարելով, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է եւ մեծ ուշադրություն չի դարձվի:
«Հիմա ընդհակառակը՝ ճգնաժամային իրավիճակ է, եւ, այո՛, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի։ Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները։ Հիմա շատ ձեռնարկություններ չեն աշխատում, նույնիսկ շատ խանութներ չեն աշխատում, այս պրոցեսի պոտենցիալ հասցեատերերեը շատ ավելի քիչ են։ Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հայտնաբերի եւ խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեպքի, որովհետեւ որեւէ արդարացում չկա դրան։ Մանավանդ էսօր, որ խանութների շրջանառություններն էականորեն աճել են», - ասաց Անանյանը։
Վարչապետն անթույլատրելի համարեց, որ ճգնաժամային պայմաններում նման երեւույթներ լինեն հարկային կարգապահության ուղղությամբ. «Եթե բոլոր մարմիններն աշխատում են այլ տրամաբանությամբ ու ռեժիմով, ՊԵԿ-ը պետք է կրկնակի եւ եռակի խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երեւույթների նկատմամբ»։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այդպես էլ ընկալել են իրենց այսօրվա թե՛ աշխատանքային ամենօրյա գործառույթների իրականացումը, թե՛ այն մարտահրավերը, որը նետված է կոմիտեի առջև. «Հետեւաբար մենք հայտարարել ենք նաեւ հանրությանը՝ ՊԵԿ-ը աշխատում է ամբողջ ծավալով։ Բոլոր գործառույթներն իրականացվում են։ Հսկողական գործառույթներ իրականացնող հիմնական 2 վարչությունները՝ ընթացիկ հարկային հսկողության վարչությունը եւ հետաքննության եւ օպերատիվ հսկողության վարչությունը, ամբողջ ծավալով իրականացնում են իրենց գործառույթները, նաեւ զուգահեռ իրականացնելով պարետի որոշմամբ ամրագրված այն հսկողական գործառույթները, որոնք պետք է գործունեության տեսակների արգելքի հետ կապված պարտադիր կերպով իրականացվի»։
Անանյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին ուղերձի համար. «Որովհետեւ ձեր ուղերձը հարկային վարչարարության տեսանկյունից թե՛ հարկ վճարողների մոտ, թե՛ հարկային վարչարարություն իրականացնողների մոտ կառաջացնի նոր մոտիվացիա, նոր զգացողություն»։