24.11.2024
Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան. ՊՆ-ի հերքումը
prev Նախորդ նորություն

Մայր Աթոռն արձագանքել է եկեղեցիներում ծիսակատարությունները դադարեցնելու կոչերին

Մայր Աթոռն արձագանքել է եկեղեցիներում ծիսակատարությունները ժամանակավորապես դադարեցնելու կոչերին։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքում գրել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը:


«Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև։ Ամենայն Հայոց Հայրապետը հետևում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին թե´ հայրենիքում, թե´ արտերկրի մեր թեմերում ու համայնքներում, իսկ պատկան մարմինները մշտական կապի մեջ են Մայր Աթոռի հետ:


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է ամենքիս պահպանել խաղաղություն, հոգատարություն և սեր դրսևորել միմյանց հանդեպ, որ զորացնենք մեզանում միաբանության ոգին՝ ի վիճակի լինելու միասնական ջանքերով հաղթահարել այս համավարակը:



Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները: Թեմակալ առաջնորդների միջոցով հոգևոր հովիվներին տրված են եղել անհրաժեշտ թելադրություններ՝ ի մասնավորի կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման կապակցությամբ:


Այսօր Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում մեր հոգևորականներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների առողջ և անվտանգ կյանքի համար՝ իրենց հորդորը բերելով ներկաներին պատասխանատվությամբ մոտենալ պատկան մարմինների կողմից տրվող ցուցումներին:


Տեղեկացնեմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը:


Իրավիճակից ելնելով՝ վաղը Մայր Աթոռում Վեհափառի նախագահությամբ վերստին գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր։


Մինչ այդ հորդորում ենք մեր բարեպաշտ ժողովրդին պահպանել հանդարտություն: Հորդորում ենք նաև զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներին տուրք չտալ և չհանրայնացնել պատեհապաշտության մոլությամբ տառապող որոշ անձանց կողմից Հայոց Եկեղեցու և բարեպաշտ հայորդիների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններն ու անտեղի դատողությունները»:


Մայր Աթոռը մարտի 13-ին հայտարարություն էր տարածել, որ աշխատելու է բնականոն ռեժիմով։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորել էր կրոնական հաստատություններին դադարեցնել բազմամարդ ծիսակատարությունները։ Բայցևայնպես, այսօր եկեղեցիներում մատուցվել է կիրակնորյան պատարագ։


Այսօր բազմամարդ կիրակնօրյա պատարագներ են եղել եկեղեցիներում, այդ թվում Երևանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։