24.11.2024
Կորոնավիրուսի ևս 3 նոր դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու կորոնավիրուսը. ինչպես են մեկուսացնում մարդկանց

Հայաստանում շարունակվում են կորոնավիրուսի կասկածանքով մարդկանց հայտնաբերման ու մեկուսացման աշխատանքները: Այս պահին Հայաստանում Կորոնավիրուսի 23 հաստատված դեպք կա: Գլխավոր օջախը մնում է Էջմիածինը:


Կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է, որն ըստ «Հետքը»-ի Էջմիածին քաղաքից է՝ Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է:


Կան ծնողներ, ովքեր հրաժարվում են մեկուսացվել


Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանն ասել է, որ վարակված երեխան երրորդ դասարանի աշակերտ է, դասարանի աշակերտներն այս պահին մեկուսացվում են ծնողների հետ միասին. «35 աշակերտ է այս պահին մեկուսացվում: Սակայն չգիտեմ՝ քանիսն են գնալու, քանիսն են հրաժարվում: Հիմա այդ հարցով ենք զբաղված»:


Նա ասել է, որ կան մարդիկ, ովքեր հրաժարվում են: «Այո, կան ծնողներ, ովքեր հրաժարվում են մեկուսացվել», - ասել է դպրոցի տնօրենը:


«Հրապարակ» թերթը ներակայացրել է կադրեր կադրեր՝ ինչպես են երեխաներին կարանտին տեղափոխում:


«Կորոնավիրուսի վտանգը մտավ նաև դպրոց։ Հնարավոր վարակը հասավ Էջմիածնի 4-րդ դպրոց, որտեղ աշխատում է հանրահայտ նշանդրեքին մասնակցած`դպրոցի բուժքույր Արևիկ Հովհաննիսյանը։


Այս դպրոցում են սովորում նաև վիրուսակիր ընտանիքի բարեկամների երեխաներ, որոնք ևս ներկա են եղել նշանդրեքին։ Դպրոցի 3-րդ դասարանցիները, որոնք 3-4 օր սերտ շփում են ունեցել իրենց համադասարանցու հետ, այսօր ծնողների հետ մեկուսացվեցին։ Ոստիկանների ուղեկցությամբ այսօր նրանց տեղափոխեցին Ծաղկաձոր, փոքրիկների նկատմամբ 14 օր կարանտին ռեժիմ կսահմանվի», - նշում է թերթը։


Եկեղեցին պատարագ է անում


Հայստանում, ի տարբերություն այլ երկրների, քաղաքական իշխանության մակարդակով Կորոնավիրուսի կանխարգելման հատուկ ռեժիմ չի սահմանված: Կառավարությունը կոչ է անում զերծ մնալ մասսայական միջոցառումների մասնակցությունից, պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները:


Այնուամենայնիվ պետական գերատեսչություններին հանձնարարվել է դիտարկել աշխատանքը հեռահար իրականացնելու հնարավորությունը, ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։


Մինչ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը քննարկում է պետական հաստատությունների աշխատողների աշխատանքը հեռահար եղանակով կազմակերպելու հարցը, եկեղեցիներում բազմամարդ պատարագ է մատուցվում։


Կիրակնօրյան պատարագ եկեղեցում, լուսանկարը՝ Հետքի


Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր՝ Մեծ պահքի չորրորդ կիրակի օրը, որը կոչվում է «Տնտեսի կիրակի», մատուցվեց պատարագ։ Հազվադեպ կարելի էր հանդիպել քաղաքացիների, որոնք դիմակ էին կրում։ Հավատացյալները մոտենում և հոգևորականից օրհնություն էին խնդրում, գրում է «Հետքը»։


Մեկուսացվել է «Հայաէրոնավիգացիա»-ի անձնակազմը


Կորոնավիրուսի պատճառով մեկուսացվել է նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի անձնակազմը: Պատճառն ընկերությունում հաստատված Կորոնովիրուսի մեկ դեպքն է: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:


«…«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված Կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում:


Մեկուսացված անձնակազմի համար ընկերության միջոցներով կազմակերպված են կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ, կազմակերպված է երկանգամյա սնունդի, խմելու և արտադրական կարիքների համար ջրի անսահման մատակարարում։ Մասնաշենքի բոլոր հարկերն ապահովված են ախտահանման համապատասխան լուծույթներով, իսկ անձնակազմը՝ դիմակների բավարար քանակով», - ասված է հաղորդարության մեջ:


Այսօր Հռոմից հատուկ չվերթով Երևան են ժամանել Իտալիայում գտնվող հարյուրից ավելի ՀՀ քաղաքացիներ: Ըստ պաշտոնական լուրերի, այդ թռիչքի ուղևորները մեկուսացվել են: Նրանք 14 օր մնալու են կարանտինում: