Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի. Փաշինյանի ու տիկնոջ թեստը բացասական է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի:
Նա ընդգծեց, որ բոլոր նոր վարակվածները նույն շրջանակից են, այսինքն 18 վարակվածներից 11-ը հայտնի նշանդրեքի մասնակիցներից են:
Վարչապետը նշեց, որ լավ լուր էլ ունեն. Դա այն է, որ առաջին վարակվածը, որի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր մարտի 1-ին, հերթական թեստը բացասական է եղել: Նա եւս մեկ թեստ կհանձնի եւ եթե դա նույնպես բացասական լինի, նա տուն կգնա:
"Ամենասկզբում մեկուսացվածներից արդեն 28 հոգի վերադարձել է տուն", - ասաց նա:
Փաշինյանը նաև հայտնեց, որ արդեն ստացվել են իր եւ Աննա Հակոբյանի թեստերի արդյունքները: «Դրանց պատասխպանները եղել են բացասական», - ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ այս պահին ամենառիսկային կետը Հայաստանում Էջմիածինն է:
"Մենք հայտնի նշանդրեքի ողջ շրջանակը հնարավորինս մեկուսացրել ենք: Բայց կրկին կոչ եմ անում, եթե մարդ կա, որ կարծում է, որ ինքը շփվել է այդ շրջանակի հետ, ապա պետք է ինքնամեկուսանա ու հետո դիմի բշժկի", - ասաց նա՝ կոչ անելով հետևել վարակի տարածման կանխարգելման կանոններին: