Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Թավադյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից, «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի:
Նման որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ: Դատավորը բավարարել է Թավադյանի պաշտպանի բողոքը՝ վերջինիս կալանավորման որոշման դեմ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ իրենց բողոքը բավարարվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով. «Այժմ կգնանք «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, ժամերի ընթացքում, գուցե ավելի շուտ պարոն Թավադյանը կլինի ազատության մեջ»,- նշել է նա։
Թավադյանը, հիշեցնենք, մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից Մարտի 1-ի գործով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ:
Վերջին անգամ նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել էր փետրվարի 19-ին: Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, նույն տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:
Հիշեցնենք նաեւ, որ դատավորը երեկ մերժել էր դատախազի կողմից իրենց ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Ավելի վաղ Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել էր: