Ազատվել Փաշինյանից. «Հայոց արծիվներ» կուսակցությունը դրամահավաք է կազմակերպել
«Հայոց արծիվներ» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը որակում է «ապազգային, օտարահպատակ ու կործանարար», որը վտանգում է Հայոց պետականության գոյության ապագան, Արցախյան հարցի հայկական դիրքորոշումն ու ազգային շահը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի աշխատունակության մակարդակը:
«Հայաստանում հաստատվել է նիկոլահպատակ անօրինական համակարգ, որտեղ մերժվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու հայկական ավանդական ընտանիքը, Հայոց Ազգային Բանակն ու Հայի ազատատենչ ազգային ոգին, Հայոց մեսրոպատառ լեզուն ու Հայոց դարավոր պատմությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի կեղծ ու պատեհապաշտ լոզունգներով գալով իշխանության՝ նիկոլյան իշխանավորները պարգևավճարների անվան տակ ագահաբար թալանում են պետական բյուջեն՝ ապահովելով իրենց բարեկեցությունը ժողովրդական լայն զանգվածների աղքատության հաշվին:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը 2020 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Կառավարությանը ներկայացրել է 10 պահանջ, որոնք ուղղակի բխում են Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական ու ազգային անվտանգության անհրաժեշտությունից և նպատակ ունեն պոպուլիստական, ամբոխահաճ ու ստախոս նիկոլյան քաղաքականությունից անցում կատարել՝ ստեղծելով ազգային պետություն ու իրական ժողովրդավարություն:
Հաշվի առնելով վերոնշյալ 10 պահանջների կարևորությունն ու Հայաստանի բնակիչներին իրազեկելու անհրաժեշտությունը՝ նախատեսվում է, որ կուսակցության ղեկավար կազմի անդամները մարտի 19-ից սկսած հանդիպումներ ունենան Հայաստանի համայնքների բնակիչների հետ, և սույն ապրիլի 2-ից Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունենան հանրահավաքներ, որոնք կազմակերպելու համար էլ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է դրամական միջոցների դրամահավաք նվիրատվությունների տեսքով՝ դիմելով ֆիզիկական և իրավաբանական անձանց՝
սեփական ներդրումն ունենալ Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստան կերտելու գործում»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: