23.11.2024
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամաս
prev Նախորդ նորություն

Պարզ խոսենք՝ մենք անընդհատ կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը՝ մեզ. վարչապետ

Հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների կառուցումը ընթացքի մեջ է: Այս մասին մարտի 3-ին Թբիլիսիում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Առաջին անգամ հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների մասին Փաշինյանը խոսեց այսօր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ: Հայաստանի վարչապետը շեշտեց հայ-վրացական հարաբերությունների խորացման մասին՝ նշելով, որ Վրաստանի հետ հարաբերությունների պատկերացումները Հայաստանի համար ռազմավարական են:


Թբիլիսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդպման ժամանակ Փաշինյանը նշեց, որ ներկա պայմաններում այդքան էլ հեշտ չէ խոսել «մեր հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին»: «Իսկ պայմաննները հետևյալն են: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Վրաստանն ունի Ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ: Վրաստանը պլանավորում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է», - շարադրեց վարչապետը:


Առաջին հայացքից, նրա խոսքով, կարելի է տեսնել աշխարհաքաղաքական բաժանարար գրեծեր հայ-վրացական հարաբերություններում:


«Մենք այժմ խոսում ենք մեր հարաբերություններին ռազմավարական բնույթ տալու մասին: Մեր մոտեցումն այն է, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից: Այսօր էլ մեր վրաց գործընկերների հետ բանակցություններում ես ասում էի, որ մեր հարաբերությունների համար պետք է նոր հարթություն ձևավորենք, որտեղ մեր հարաբերությունները հնարավորինս պաշտպանված են արտաքին ազդեցություններից: Այժմ այդ գործընթացը գնում է», - ասաց նա:


Վարչապետի խոսքով, ասվածը նաև չի նշանակում, որ հայ-վրացական հարաբերություններում առկա խնդիրները լուծված են: «Դրանք կան և պետք է աշխատենք լուծման ուղղությամբ: Այդ հարցերը տևական ժամանակ չեն լուծվել, քանի որ բացակայել է դրանց լուծման բարենպաստ ֆոնը», - ասաց Փաշինյանն ու անկեղծացավ. «Եկեք պարզ խոսենք՝ մենք անընդհատ կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը՝ մեզ ետին մտքերի, ինչ-որ ենթադրյալ դավադրությունների մեջ: Այժմ փոխվել է այն, որ դրա մասին մենք պարզ խոսում ենք՝ ասելով, որ բաց պետք է խոսենք ու միմյանց դեմ չտրամադրվել: Սա արդեն տեղի է ունենում, կան կոնկրետ փաստեր», - ասաց վարչապետը՝ չմատնանշելով դրանք:


Նրա խոսքով, սա ռազմավարական ճանապարհ է, որի ուղղությամբ Վրաստանն ու Հայաստանը շարժվում են: «Մենք հասնելու ենք դրան», - ասաց նա:


Նշենք, որ Վրաստանի ազգային անվտանգության կոնցեպցիայում Հայաստանի հետ հարաբերություների ռազմավարական բնույթի մասին խոսք չկա: Հայաստանը համարվում է կարևոր գործընկեր և հարևան: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանի հետ Վրաստանի հարաբերությունները, համաձայն նույն փաստաթղթի, հասել են «ռազմավարական մակարդակի»: