ԱԺ-ն քննարկում է ահաբեկչության դեմ պայքարում տեղեկության փոխանակման համաձայնագիրը
ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Համաձայնագիրը վավերացնելու հարցը ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 3-ին Տաշքենդում՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների կողմից: ՀՀ վարչապետը համաձայնագիրը ստորագրել է վերապահումով՝ համաձայն որի՝ այն ուժի մեջ է մտնում ԱԺ-ի կողմից վավերացվելուց հետո: Համաձայնագիրը այն ստորագրած մյուս պետությունների համար արդեն իսկ ուժի մեջ է մտել: «Համաձայնագրի նպատակն է ահաբեկչության և ծայրահեղականության, այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման ապահովումը: Համաձայնագրով անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կամրապնդվի ահաբեկչության և ծայրահեղականության, այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման միջպետական համագործակցությունը և կբարձրանա դրա արդյունավետությունը»,-ասաց Մարտիրոսյանը:
Տեղեկության փոխանակումը կկատարվի դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության օգտագործմամբ կամ իրավասու մարմինների կողմից համաձայնեցված այլ միջոցով, ինչպես նաև տեղեկատվական, այդ թվում՝ միջպետական համակարգերի օգտագործմամբ: Նրա խոսքով՝ ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում միջպետական տեղեկատվական համակարգ է հանդիսանում ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի տվյալների մասնագիտացված շտեմարանը, որի իրավական ռեժիմը որոշվում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի կողմից:
Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն իրավասու մարմինների և ԱՊՀ մարմինների միջոցով հարցումների հիման վրա: ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությամբ՝ համաձայնագիրը ենթակա է վավերացման, քանի որ այն վերաբերվում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև քաղաքացու ազատություններին: