24.11.2024
ԱԺ-ն քննարկում է ահաբեկչության դեմ պայքարում տեղեկության փոխանակման համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

ԱՕԿՍ-ը օֆշորային ընկերությանը վաճառելու քրեական գործին առնչություն չունեմ. փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը վստահեցնում է, որ առնչություն չունի ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ: Այս մասին ասված է Թամրազյանը հայտարարության մեջ. 


«Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ և անհատներ փորձում են իմ անունը կապել ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ:


Հայտարարում եմ, որ նշված գործընթացի հետ ես որևէ առնչություն չունեմ: Նույն շինության մեջ, բայց առանձին հասցեում իմ ունեցած սեփականությունը հայտարարագրել եմ դեռևս 2018 թվականին, երբ «Իմ քայլ» դաշինքի կողմից առաջադրվել էի որպես պատգամավորության թեկնածու: Դրա մասին հայտարարագիր եմ ներկայացրել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնն ստանձնելուց առաջ:


Խոսքը խորհրդային տարիներից հայտնի «Թիֆլիս» ռեստորանի տարածքի մասին է, որը սեփականաշնորհվել է դեռևս 1996 թվականին և առնչություն չունի «ԱՕԿՍ» ՀԿ-ի հետ: Այդ տարածքը ձեռք բերելու ժամանակ ես որևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել, բացի այդ, մինչ իմ կողմից նշված սեփականության ձեռքբերումը այն մի քանի անգամ արդեն վերավաճառվել էր, և գնումն իրականացվել է սեփականաշնորհումից 21 տարի անց` 2017 թվականին:


Խնդրում եմ այսուհետ այս թեմայով հրապարակումների ժամանակ առաջնորդվել բացառապես վերոգրյալ փաստերով»,- ասված է Թամրազյանի հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ոստիկանությունը բացահայտել է, որ պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության: