Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:
Հանդիպմանը քննարկվել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:
Արսեն Թորոսյանը ներկայացրել է, թե ինչ գործողություններ են իրականացվում Հայաստանում: Իր հերթին դեսպանը ներկայացրել է 2 շաբաթվա ընթացքում այն փորձը, որն Իրանը ձեռք է բերել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում: Ըստ դեսպանի` Իրանում բժշկական մեծ թիմ է ձևավորվել, որի հիմնական գործառույթը վիրուսի տարածման կանխարգելումն է, ինչպես նաև «թեժ գիծն» աշխատում է 24 ժամյա ռեժիմով:
Աբաս Բադախշան Զոհուրին ներկայացրել է թարմ տվյալներ, ըստ որի` Իրանում նոր կորոնավիրուսի մուտք գործելուց հետո 7280 քաղաքացի դիմել է հիվանդանոց, որոնցից 4312-ը թեստավորվել են: Մինչև մարտի 2-ի կեսօրը Իրանում ախտորոշվել է կորոնավիրուսի 1501 դեպք, 291-ը ապաքինվել է: Արձանագրվել է մահվան 66 դեպք:
«Մեր երկրի փորձը ցույց է տվել, որ պետք է ավելի ուժեղացնել կանխարգելման գործողությունները քան բուժման, և սա կարևոր է Հայաստանի համար ևս, քանի դեռ խնդիրը չի խորացել», - ասել է Աբաս Բադախշան Զոհուրին:
Քննարկվել է նաև նոր կորոնիվիրուսի մասին կեղծ տեղեկատվության տարածումը և ճշգրիտ տեղեկության մատակարարման կարևորությունը: Նախարարն ընդգծել է, ստուգված տեղեկությունները կարևոր են խուճապային տրամադրությունների դեմ պայքարի գործում:
Արսեն Թորոսյանն ու Աբաս Բադախշան Զոհուրին պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել Իրանի առողջապահության նախարարի հետ:
«Հույս ունեմ, որ առաջիկայում ամեն ինչ կկարգավորվի և կյանքը կշարունակվի բնականոն հունով», - ասել է նախարարը:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել մասնագիտական առումով օգտակար լինել Իրանին, դեսպանն էլ իր հերթին առողջություն է մաղթել Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին և հույս հայտնել, որ այն կլինի միակ և վերջին դեպքը: