ՀՀ-ն չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, Վրաստանն էլ՝ ՀՀ-ի. վարչապետ
Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում հսկայական չօգտագործված ներուժ կա: Երկկողմ օրակարգի կարևոր մաս է այդ ներուժի լիարժեք օգտագործումը: Այս մասին հայ-վրացական բարձր մակարդակի ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, երկու երկրներն ունեն բազմաթիվ հնարավորություններ տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի:
Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն հարգանքով է վերաբերում Վրաստանի Եվրատլանտյան տարածքի ինտեգրման ձգտումներին:
«Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ մի փոքր տարբեր պատկերացումներ ունեն: Բայց, իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում: Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, Վրաստանն էլ չի կարող անվտանգային սպառնալիք լինել Հայաստանի համար: Առաջին անգամ վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Վրաստան պաշտոնական այց ունենալով, ես հենց այս բանաձևն եմ առաջարկել մեր հետագա հարաբերությունների հիմքում դնելու համար»,-- շեշտեց Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը ողջունում է Վրաստանի այն դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Նրա խոսքով, մեր տարածաշրջանի կոնֆլիկտները բացարձակապես տարբեր են իրարից, եթե ընդհանուր բանաձևերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, դրանք վաղուց լուծված կլինեին
Իր հերթին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նշեց, որ երկու կողմերը ունեն հարցերի քննարկման լայն օրակարգ:
«Մենք կանդրադառնանք այն բոլոր հարցերին, որոնք կարևոր են ինչպես հայկական, այնպես էլ վրացական կողմի համար: Ես ցանկանում եմ ընդգծել մեր երկրների ժողովրդավարական զարգացման, տարածաշրջանի խաղաղության հարցը: Սա է հիմքը մեր երկրների տնտեսական զարգացման գործում: Տարածաշրջանի բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,- ասաց Վրաստանի վարչապետը: