ՊԵԿ-ը կավտոմատացնի եկամտային հարկի գումարների վերադարձը
Պետական եկամուտների կոմիտեն կավտոմատացնի եկամտային հարկի գումարների վերադարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին հայտարարել է ՊԵԿ-ի համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը:
«Դա ենթադրում է, որ կկրճատվի դիմումի ներկայացման պահից մինչև շահառուի բանկային հաշիվ գումարի մուտքագրման պահն ընկած ժամանակահատվածի տևողությունը: Շահառուները ստիպված չեն լինի ամեն եռամսյակ հաճախել հարկային մարմիններ: Ընթացակարգը ավտոմատացումից հետո կդյուրինացվի»,- ասել է Թելման Ասատրյանը:
Թելման Ասատրյանը չի հստակեցրել, թե նախաձեռնությունը երբ կյանքի կկոչվի։
Ասատրյանը նշել է, որ շուկայում ավելացել է եկամտային հարկի վերադարձի սխեմայով բնակարաններ ձեռք բերելու պահանջարկը: 2015-ին շահառուների թիվը կազմել է 571, 2016-ին՝ 1 303, 2017-ին՝ 2 225, 2018-ին՝ 4 021, 2019-ին՝ 7 152:
«Եկամտային հարկի վերադարձելիության ցուցանիշը բավական տպավորիչ է: Եթե հիփոթեքային վարկերի սպասարկման մասով 2018-ին եկամտային հարկի վերադարձը կազմել է 4,7 մլրդ դրամ, ապա 2019-ին՝ 7,9 մլրդ դրամ: Այսինքն՝ 3,2 մլրդ դրամով կամ 80 տոկոսով ավելի»,- ասել է Թելման Ասատրյանը: