Կառավարությունը արտոնություն տվեց կրակայրիչներ արտադրող ընկերությանը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնություն տրամադրել «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին՝ ազատելով նրան մաքսատուրքից:
«ՍԱՀԼԵՎՍ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:
«ՍԱՀԼԵՎՍ»-ը հիմնադրվել է 2010 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային կրակայրիչների արտադրությամբ եւ նախատեսում է մեծ ծավալներով արտահանում ԵՏՄ եւ երրորդ երկրներ:
Արդեն իսկ իրականացվել է 109 մլն դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 170 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 80 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 170 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 18.7 մլն դրամ: