Կորոնավիրուսը տարածվում է Իտալիայում. Երևանը քննարկում է հակաքայլերը. ԱԳ նախարար

171

Հայաստանի ուշադրության կենտրոնում է Իտալիայում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը, Երևանը քննարկում է հնարավոր հակաքայլերը: Այս մասին փետրվարի 24-ին Սլովակիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստվում է դադարեցնել Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը:


Նրա խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարի համարը Հայաստանը կարևորում է այլ պետությունների համատեղ քայլերի  իրականացումը: «Կորոնավիրուսի տարածումը մարտահարավեր է բոլոր պետությունների համար և պետք են համատեղ քայլեր ձեռնարկել՝ այն կանխարգելելու համար: Մենք սերտ աշխատել ենք Չինաստանի գործընկերների հետ, այժմ մենք սերտ աշխատում ենք Իրանի հետ», - ասաց նա՝ հղում անելով այսօր կառավարությունում տեղի ունեցած կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստին:


«Մենք ձևավորում ենք ավելի կոնկրետ քայլեր՝ այս համաճարակի դեմն առնելու համար, որն արտահայտվեց նաև Իրանում: Մենք համագործակցում ենք և սերտ աշխատում ենք մեր բարեկամ Իրանի իշխանությունների հետ, որպեսզի միասին գտնենք ճանապարհներ այս համաճարակին հակազդելու համար», - ասաց նախարարը:


Իտալիայում կորոնավիրուսի վարակի տարածումը, նախարարի խոսքով, նույնպես չէր կարող վրիպել Հայաստանի ուշադրությունից: «Մենք գնահատում ենք՝ ինչ անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի նախ պաշտպանենք մեր բնակչությանը, ինչպես նաև պայքարենք համաճարակի տարածման դեմ և հաղթահարեք այն միասին: Սա է մեր աշխատանքի տրամաբանությունը», - ասաց նա՝ նշելով, որ ժամանակն այս պարագայում շատ մեծ նշանակություն ունի:
«Ժամանակի կորուստ չի կարելի թույլ տալ: Այն շատ մեծ նշանակություն ունի» , - ասաց Զոհրաբ Մնացականյանը:


Նշենք, որ Այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Իտալիայի երկու քաղաքացիներ մահացել են կորոնավիրուսից, այդ երկրում արտակարգ միջոցներ է ձեռնարկվում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 150-ը, որոնցից 110-ը բնակվում են Լոմբարդիայիում, իսկ 21-ը՝ Վենետոյում։ Նշվում է, որ տասնյակ քաղաքներ կարանտինի մեջ են, չեղարկվել է Վենետիկի կառնավալը, մոդելավորող Ջորջիո Արմանին որոշել է իր ցուցադրությունը կազմակերպել առանց հանդիսատեսի։


Վարակման բոլոր դեպքերը գրանցվել են Իտալիայի հյուսիսում, որտեղ այժմ ընթանում է երկու խոշոր միջոցառում՝ Միլանի նորաձևության շաբաթն ու Վենետիկի կառնավալը: Ամենից շատ հիվանդացել են Լոմբարդիայում, որտեղ է՛ Միլանը (մոտ 90 մարդ) և Վենետո շրջանում, որը ներառում է Վենետիկը (ավելի քան 20 մարդ):


Հատկանշական է, որ ներկայում գործում է Երևան-Միլան-Երևան ուղիղ չվերթ:


Իրավիճակն ահագնանում է նաև Իրանում, որտեղ կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն գրանցվեց փետրվարի 23-ին: Որպես հակամիջոց Հայաստանը երկու շաբաթով փակում է Իրանի հետ սահմանը և ոչ ամբողջական սահմանափակումներ կրառում օդային հաղորդակցության նկատմամբ:


Մահվան ցուցանիշով Իրանը երկրորդն է աշխարհում` Չինաստանից հետո: Միաժամանակ, հաղորդվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում վարակի ևս 15 դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, այս պահին իրանական հիվանդանոցներում բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 43 մարդ, 785-ն էլ կարանտինի մեջ են:


Իրանի բոլոր համալսարանները մեկ շաբաթով փակվել են։ Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է խուսափել Ղոմ այցելելուց, և միևնույն ժամանակ Ղոմի բնակիչներին հորդորել անհրաժեշտության դեպքում դուրս գալ քաղաքից»:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...