23.11.2024
Քաղաքապետը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի կոնգրեսականների աշխատակիցները կհետևեն Արցախի ընտրություններին․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ ղարաբաղյան կողմի հրավերով իրենց աշխատակիցները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ՝ մարտի 31-ի ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։


«Մենք անշուշտ ցանկանում ենք արդար ընտրություններ տեսնել Արցախում մարտի 31-ին, ուստի ձեզ տեղյակ եմ պահում, որ որոշել եմ նաև իմ աշխատակցին ուղարկել ընտրությունների ընթացքին հետևելու»,- նշեց կոնգրեսականը։ Պաշտոնական Բաքուն, որը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում, այնտեղ անցնող բոլոր ընտրությունները «օկուպացված տարածքներում քաղաքական շոու» է անվանում: Ճանաչի Ադրբեջանը Ղարաբաղի անկախությունը թե ոչ՝ կյանքն այնտեղ շարունակելու է զարգանալ, համոզված է հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրը. «Շատ կարևոր է, որ այնտեղի ժողովրդավարությունը շարունակական լինի»:


Կոնգրեսի աշխատակիցների թվում ընտրությունների ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար Ղարաբաղ է պատրաստվում մեկնել կոնգրեսական Ֆրանք Փալոնի ավագ խորհրդական Ջեյմս Ջոնսոնը. «Ուսումնասիրել և տեսել եմ, որ Արցախի նախորդ ընտրությունները եղել են ազատ, արդար և թափանցիկ բոլոր չափանիշներով: Հույս ունենք, այժմ դրանք նույնպես ազատ կլինեն»:


Ջոնսոնի ղեկավար, կոնգրեսական Ֆրանք Փալոնն իր կողմից ավելացնում է. շատ կարևոր է ողջ աշխարհին ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարություն է հաստատված. «Մենք ցանկանում ենք մատնանշել, որ Արցախում գործող ժողովրդավարություն է, որը համապատասխանում է ազատ հասարակության բոլոր չափանիշներին»:


Չնայած մի շարք կոնգրեսականների որոշմանը, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նախկինում չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի տարածքում անցած ընտրությունները: