29.03.2024
Փաշինյանը ցավակցել է Գերման Ավագյանի ընտանիքին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ. Վանեցյան

Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ եւ խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ։ Որքան էլ մեծ լինի զգացմունքայնությունը, որքան էլ ծանր լինի վիշտը, ես բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ՝ հրապարակային խոսքում տուրք չտալ զգացմունքներին։ Այս մասին aravot.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:


«Առավել եւս՝ կոչ եմ անում՝ որեւէ նեղ անձնական կամ քաղաքական շահի համար չօգտագործել այս թեման։ Ցավոք, նման միտումներ նկատվում են։ Դա ոչ միայն բարոյական չէ, այլեւ՝ ուղղակիորեն առնչվում է մեր պետության անվտանգությանը։ Պատճառների մասին. հասկանալի է, որ հրապարակային խոսքի ձեւաչափն ինձ թույլ չի տալիս բաց խոսել որոշ հանգամանքների մասին։ Վստահ եմ, որ բանակի ղեկավարությունը տիրապետում է խնդրին եւ կանի ամեն ինչ», - ասել է նա։


Միաժամանակ նա նշել է, որ այն հանգամանքը, որը պայմանավորում է ներբանակային զարգացումները։ «Դա երկրում ստեղծված մթնոլորտն է։ Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։


Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում։ Միանգամայն հասկանալի ու արդարացի է հանրության կտրուկ պահանջը՝ գտնել եւ պատժել մեղավորներին։ Միեւնույն ժամանակ՝ խիստ վտանգավոր եւ անկանխատեսելի կարող է լինել՝ հանրային ցասման այս մեծ ալիքն ուղղելը դեպի բանակի հրամկազմ, սպաներ եւ ենթասպաներ՝ առանց պատշաճ եւ սթափ հետաքննության։


Մենք ունենք կայացած սպայակազմ, որոնց թվում մեծամասնություն են կազմում բարձր պրոֆեսիոնալները, իրական հայրենասերները։ Խնդիրները պետք է ուսումնասիրել՝ հնարավորինս խուսափելով ընդհանրացումներից եւ ծայրահեղացումից։ Անզգույշ գործելով՝ կարող ենք շատ վնասներ տալ՝ այս պահին մարդկանց հանգստացնելու համար», - ասել է նա։


Նրա խոսքով, բանակը ինստիտուցիոնալ հիշողությամբ, մշտապես կատարելագործվող համակարգ է, որտեղ փորձը եւ մոդեռնիզացիան միասնական եւ փոխլրացնող սկզբունքներ են։
Նրա խոսքով, վստահաբար, ներբանակային մթնոլորտի վրա վատ է անդրադառնում ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությունը։ «Իրական հրամանատարները, լուրջ կադրային սպաներ՝ իրենց լուրջ կենսագրությամբ, այսօր պարտադրված են՝ հաշվետու լինել բանակից, զինված ուժերից պատկերացում չունեցողների առջեւ։ Սա եւս բանակի ներքին բարոյալքման դանդաղ գործողության ռումբ է։ Կան համակարգեր, որոնց ախտորոշումն ու բուժումը պետք է արվեն՝ առավելագույնս խուսափելով սոցցանցային միջամտություններից։ Լուրջ, համակարգային հիվանդությունները բուժում են նեղ մասնագետների միջոցով, եւ ոչ՝ ժողովրդական բժշկության։ Քաղհասարակության ներկայացուցիչների հետ, մարդու իրավունքների ոլորտի մասնագետների հետ ներբանակային մթնոլորտի առողջացման ուղղությամբ անընդհատ ու նպատակային աշխատանք պետք է տարվի, բայց՝ ամեն կերպ խուսափելով էժան սոցցանցային ներգրավումից։


Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է։ Հաջորդը. չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամավոր են։ Իրական հրամանատարների, սպայական տարբեր օղակների համար ծայրահեղ դժվար է, երբ զորքի դիմաց կանգնում են բանակից խուսափածները եւ հերոսության ու հայրենիքին ծառայելու կոչեր անում, դասեր տալիս։ Նման բաներ եղել են նաեւ նախկինում, եւ իմ վերաբերմունքը դրա հանդեպ միշտ բացասական է։ Բանակն անձնական PR-ի համար երբեք չի կարելի ծառայեցնել։


Հաջորդ կարեւորագույն պահը. չի՛ կարելի արժեզրկել եւ ուղղորդված արշավ տանել Արցախի գեներալների դեմ, նրանց անվան շուրջ դավադրության տեսություններ հորինել: Պատերազմ հաղթած, խաղաղություն ապահոված, լուրջ կենսագրություն ունեցող անհատներ են նրանցից շատերը, իրական հեղինակություն են վայելում՝ իրական զորքում, իրական զորամասում։


Երբ կոտրում ես այդ հեղինակության ինստիտուտը, առաջանում է սողացող անկառավարելիության վիճակ։ Սա շատ կարեւոր է հասկանալ։ Այդպես է բոլոր բանակներում: (Իհարկե բոլոր ոլորտներում, այդ թվում` բանակում, միշտ էլ եղել են եւ կլինեն անբարեխիղճ կադրեր, սակայն չի կարելի մասնավոր մեկ-երկու դեպքերը ընդհանրացնել ամբողջ համակարգի համար, առավել եւս, երբ խոսքը գնում է մեր բանակի նման կայացած կառույցի մասին)։ Եվ վերջապես՝ ամենացավոտը. չի՛ կարելի սեպ խրել Հայաստանի եւ Արցախի մեջ. դա միմիայն մեր հակառակորդի երազանքն է», - ասել է նա։


 

Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն` վարչապետի մոտ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար