Նախարարը Պապիկյանը Վրաստանում քննարկել է լաստանավեր ձեռք բերելու հնարավորությունները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում քննարկել է սևծովյան նավահանգստում լաստանավեր ձեռք բերելու հնարավորությունները: Այս մասին նախարարը գրել է Facebook-ի իր էջում:
«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ բովանդակալից զրույց ունեցանք էներգետիկ համագործակցության և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
Երկուստեք կարևորեցինք Հայաստանի և Վրաստանի էներգետիկ տարանցիկ նշանակությունը տարածաշրջանում: Այս համատեքստում արձանագրվեցին առկա ձեռքբերումները
Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ:
Անդրադարձանք նաև էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերին, մասնավորապես` Վրաստանի միջով Հայաստան եկող գազատարի վրացական տարածքում գտնվող հատվածի տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներին, ինչի շնորհիվ կապահովվի դեպի Հայաստան հուսալի և անխափան գազամատակարարումը:
Զրույցի ընթացքում քննարկեցինք նաև տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր` կապված ինչպես երկաթուղային այլընտրանքի, այնպես էլ սևծովյան նավահանգստում լաստանավերի ձեռքբերման հնարավորությունների հետ»,- գրել է Պապիկյանը: