8.04.2025
Վարչապետը նոր նշանակում է արել
prev Նախորդ նորություն

Իշխանությունը նախաձեռնել է երկրում սահմանադրականությունը ոչնչացնող գործընթաց․ ՀՅԴ

Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել «ՀՀ Սահամանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը շրջանառության մեջ է դրել իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի «նպատակն է Սահմանադրական դատարանի շուրջ սետղծված ճգնաժամի լուծումը»։ ՀՅԴ հայտարարությունը՝ ստորև․


«Անհերքելի փաստ է, որ Հայաստանի զարգացումը պայմանավորված է ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետության գոյությամբ: Ցանկացած քաղաքական իշխանության կողմից այս կարգավիճակին հակառակ գործելը հանգեցնում է հանրապետության գոյության դադարմանը:


Վերջին շրջանում օրվա քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել պետական իշխանության ինքնուրույն ճյուղ հանդիսացող դատական իշխանության յուրացմանը:


Չբավարարվելով հակաօրինական բազմաթիվ նախաձեռնություններով, անտեսելով հայաստանյան և միջազգային հանրության կողմից արված զգուշացումները, արհամարհելով Հայաստանի միջազգային վարկը՝ օրվա քաղաքական իշխանության կողմից նախաձեռնվել է երկրում սահմանադրականությունը ոչնչացնող գործընթաց: Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության պատգամավորների կողմից շրջանառության մեջ են դրվել օրինագծեր, որոնցով փորձ է արվում ոչ միայն յուրացնել սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորությունները, այլ նաև տապալել երկրի սահմանադրական կարգը: Այս անպատասխանատու և անհաշվենկատ ընթացքը սպառնում է հայոց պետականությանը: Լրջանալու, սթափվելու և իրավունքի գերակայության համաժողովրդական ցանկություններն իրականացնելու փոխարեն օրվա քաղաքական իշխանությունը ցուցաբերում է անհավասարակշիռ վարքագիծ, որն օժտված է առանձապես ծանր հանցագործության հատկանիշներով և քրեորեն պատժելի է:


Պահանջում ենք քաղաքական իշխանությունից և նրա ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանից` վերջ տալ քաղաքական իշխանության հակաօրինական գործողություններին՝ մնալով գործադիր իշխանության լիազորությունների շրջանակում, զերծ պահել օրենսդիր իշխանության քաղաքական մեծամասնությանը լիազորությունների չարաշահումից, ջանքեր գործադրել՝ լուծելու երկրի առջև օրեցօր ահագնացող մարտահրավերները:


Կոչ ենք անում Հանրապետության նախագահին՝ չսատարել այս հակաօրինական նախաձեռնություններին և հետևել իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահպանմանը:


Դիմում ենք ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այս կործանարար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը»։

Լարսում խցանում է՝ ռուսական կողմում կա կուտակված 580 ավտոմեքենա
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս