24.11.2024
Թրամփ. ԱՄՆ-ն կարող է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները
prev Նախորդ նորություն

ՀՀ ևս մեկ քաղաքցի տարհանվել է Չինաստանի Ուհան քաղաքից

Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու դուրս բերումը իրականացվելու է Ռուսաստանի աջակցությամբ: Այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը:


Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանը տարհանելու է 147 մարդու, որոնց թվում 10-ը Բելառուսի, 3-ը Ղազախստանի, 1-ը Հայաստանի և ևս մեկն Ուկրանիայի քաղաքացիներ են:


ՌԴ օդատիեզերական ուժերի առաջին ինքնաթիռը, որում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված անձինք, վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում: Առաջին ինքնաթիռով տարհանվել է 80 մարդ:


Օդատիեզերական ուժերի երկրորդ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Արևելյան ռազմական օկրուգի օդանավակայանում: Երկրորդ ինքնաթիռը տարհանել է 64 մարդու: Վերալիցքավորումից հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը և վայրէջք կկատարի Տյումենում:


Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ուհան քաղաքից տարհանվել է ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը՝ տեղափոխվելով Ղազախստան, որի մոտ Կորոնավիրուս չի հայտնաբերվել: Չնայած դրան, նա դեռևս կմնա կարանտինում:


Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ ՉԺՀ տարածքում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից մեկն արդեն իսկ տարհանվել է ՉԺՀ տարածքից, առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտարհանվի տարհանվելու ցանկություն հայտնած ևս մեկ ՀՀ քաղաքացի:


Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը շարունակում է աճել և հասնում է 500-ի: Երկրում հաստատված է վարակի 24 հազար 324 դեպք: Մահվան 65 նոր դեպքեր են գրանցվել վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում: 520 ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: