«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միությունն այս տարի կրկին, արդեն երկրորդ անգամ, դիմել է Նոբելյան կոմիտե՝ Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով:
Նշենք, որ առաջին անգամ այս նախաձեռնությամբ միությունը հանդես էր եկել 2018 թվականին:
Հաղորդագրության մեջ նշվում է. «Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժեքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները:
Լինելով արմատներով Արևմտյան Հայաստանի Մալաթիայի շրջանից, 1894-1923թթ. Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Օսմանյան կայսրության տարածքում իրականացվաց Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնացած հայերի ընտանիքից, որպես իր պատմական հայրենիքում ցեղասպանության զոհերի ժառանգ՝ նա, անձնապես ծանոթ է մարդկության դեմ ուղղված այս սարսափելի հանցագործության բոլոր հետևանքների մասին, որը ճանաչվել և դատապարտվել է Եվրոպայի եւ Ամերիկայի բոլոր առաջատար երկրների, Եվրախորհրդարանի, ինչպես նաև բազմաթիվ ազդեցիկ միջազգային եւ կրոնական կազմակերպությունների կողմից:
Նա խստորեն դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը եւ նրա ռազմական միջամտության ցանկությունը հարևան ինքնիշխան պետություններում, մասնավորապես՝ Իրաքում եւ Սիրիայում լիարժեք ռազմական գործողությունների անցկացումը:
Նրա կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջեւ հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, արդեն դրական արդյունքներ են տալիս նույնիսկ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ:
Եւ այդ ամենը հակառակ այն շարունակական ճնշումների եւ իրական սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա Էրդողանի բռնակալ ռեժիմին կողմնակից ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը»:
Հայտը ներկայացնելու ժամանակը խիստ սահմանափակ է, 2020 թվականի հունվարի 31-ը եզրափակիչ օրն է: