Ամանորյա ծախսերի համար բյուջեց հատկացրեցինք 271 միլիոն դրամ, որի արդյունքում այս տարվա հունվարի վերջ մենք ունեցել ենք 9 միլիրադ 307 միլիոն դրամով ավելի շրջանառություն:
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում «Զրույց քաղաքացու հետ» վերնագրով ուղիղ եթերի ժամանակ: Փաշինյանը նշել է, որ այս թեմայով մի շարք հարցերի կանդրադառնա Ազգային ժողովի ամբիոնից, որոցհետեւ կարծում է՝ ԱԺ-ում իրեն հարցեր կունենան: Վարչապետը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ 271 միլիոն դրամ հատկացվեց Երեւանի տոնական ծախսերին:
«Քաղաքացիները բազմաթիվ դժգոհություններ հայտնեցին, այն ժամանակ էլ անդրադարձ եղավ այս թեմային, սակայն այժմ կարող եմ խոսել փաստերով: 2019 թ-ի դեկտեմբերի 28-ից մինչեւ այս տարվա հունվարի վերջ մենք ունեցել ենք 9 միլիրադ 307 միլիոն դրամով ավելի շրջանառություն: Տեսեք, մենք 271 միլիոն դրամ ավել ծախսելով մենք ստացել ենք 9 միլիարդ դրամից ավելի դրամաշրջանառություն, որից միայն 4 միլիարդը՝ ՀՀ մարզերում:
Մեր ամանորյա ծախսերը շատ զբոսաշրջիկների, քաղաքացիների մղել են այցելել Երեւան: Ի դեպ, հունվարի 2-ին մենք երեխաների հետ այցելեցինք սեւան, բարձրացանք Սեւանավանք եւ չեք պատկերացնի, թե հունվարի 2-ին որքան զբոսաշրջիկ կար Սեւանում, սեւանավանքում: Այս 9 միլիարդը գնացել է կրպակներին, փոքր խանութներին, մանր առեւտրով զբաղվող մարդկանց, տաքսիները այս գումարի մեջ չեն մտնում ու պատկերացրեք, թե իրականում որքան ավելի շատ գումար է ծախսվել Հայաստանի համար:
Կա շատ ավելի կարեւոր արձանագրում. ամենամեղմ հաշվարկներով այս 9 միլիարդ 307 միլիոն դրամ շրջանառության արդյունքում, այդ շրջանառությունն ապահոված բոլոր ընկերությունները գեներացնելու են մոտ 325 միլիոն դրամի հարկ, այսինքն այս գումարը կրկին վերադառնալու է ՀՀ բյուջե: 271 միլիոն դրամ ՀՀ բյուջեից հատկացնելով, այժմ ՀՀ բյուջե է վերադառնում 307 միլիոն դրամ:
Հաջորդ տարի ավելի շատ գումար ենք ներդնելու՝ ավելի մեծ օգուտ քաղելու համար: Այս օրինակով ես ուզում եմ ցույց տալ, որ մեր քաղաքականությունը լինելու է ներառական քաղաքականություն, յուրաքանչյուր լուման ծախսվելու է այն նպատակին, որ այն շրջանառվելով ավելի մեծ օգուտ տա:
Ստացվում է՝ մենք 0 կոպեկ ծախսելով, 0 լումա ծախսելով ստացանք ավելի շատ դրամի օգուտ»,-նշեց վարչապետը՝ այս թիվը ներկայացնելով նաեւ ըստ մարզերի: