24.11.2024
Մորթն իրականացնել սպանդանոցներո՞ւմ, թե՞ բակում. ՍԱՏՄ-ի լուսանկարները
prev Նախորդ նորություն

Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից։


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


«Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը, պարզեց.


1. Դիմողը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն այնքանով, որքանով այն չի նախատեսում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ իրավական պետության սկզբունքին, 167-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր»:


2. Դիմողը բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր, այն է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն: Ըստ դիմողի՝ չի կարող լինել արդյունավետ արդարադատություն առանց դատական ակտերի կատարման արդյունավետ համակարգի: Ցանկացած արդարադատություն պատրանքային բնույթ է ստանում, եթե հնարավոր է դառնում չկատարել ուժի մեջ 2 մտած վերջնական դատական ակտը: Ընդ որում՝ այդպիսի չկատարումը, ըստ դիմողի, կարող է քողարկվել նաեւ՝ տվյալ դատական ակտը դրա բովանդակությանը հակառակ մեկնաբանելով: Դիմողը գտնում է, որ նման իրավիճակներից խուսափելու միակ տարբերակը, որը պրակտիկայում ապացուցել է իր արդյունավետությունը, դատական ակտ կայացրած դատարանի կողմից իր դատական ակտը պարզաբանելու ինստիտուտն է, որը գործում է դատավարական մյուս ճյուղերում, եւ որը բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում:


3. Ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի եւ կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով՝ հետեւյալ պատճառաբանությամբ.


1) դիմողը, վկայակոչելով ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարաններին վերաբերող օրենսդրական կարգավորումները, թեեւ փաստարկել է Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պարտադիրությունը, միեւնույն ժամանակ չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը: Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 1-ին հոդվածը, 167-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը եւ 63-րդ հոդվածի 1-ին մասը որեւէ կերպ չեն կանխորոշում Սահմանադրական դատարանում որոշումների պարզաբանման պարտադիրությունը,


2) ցանկացած դատարան, առավել եւս այն դատարանները, որոնց որոշումները վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրեն այնպես, որ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանա, իսկ պարզաբանումը լինի բացառություն կանոնից, իսկ Սահմանադրական դատարանի դեպքում նրա որոշումների պարզաբանման օրենսդրական ամրագրումը պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկների վկայակոչմամբ,


3) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն իրավական բացի տեսանկյունից վիճարկելու համար դիմողը պետք է անդրադառնար Սահմանադրական դատարանի կողմից այդ հարցով ձեւավորված լայնածավալ 3 պրակտիկային եւ ողջամտորեն փաստեր իրավական բացի առկայությունը՝ ի թիվս այլնի հիմնավորելով, որ այն Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա իրավական բաց է:


Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը եւ 69-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Սահմանադրական դատարանը որոշեց.. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»։