Բանակից խուսափելո՞ւ, թե՞ հայրենադարձության նախագիծ. ԱԺ-ն մերժեց ԼՀԿ-ի առաջարկը
Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստին մերժեց և չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած բանակից խուսափած և արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին վերաբերող նախագիծը:
ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և այլևս զինապարտ չհանդիսացող անձանց վերադառնալ Հայաստան՝ վճարելով տուգանք բանակում չծառայելու համար: Այժմ այդ մարդկանց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Ըստ Գորգիսյանի՝ սա հնարավորություն է ստեղծում հայրենադարձվել:
Կառավարող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները նշեցին, որ նախագիծն անընդունելի է, քանի որ հնարավորություն է ստեղծում մարդկանց խուսափել բանակից: "Սա ուղակի հնարավորություն է ստեղծում բանակից խուսափելու համար և անընդունելի է", - ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Մինչ այդ Ազգային ժողովը մերժեց և օրակարգում չընդգրկեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է նվազեցնել ավտոներկրողների համար սահմանված ավելացված արժեքի հարկը, որպեսզի մեղմվի ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը և հնարավորություն տրվի նրանց շարունակել իրենց բիզնեսը և պահպանել Հայաստանում ձևավորված ավտոմեքենաների երկրորդական շուկան:
Կառավարող «Իմ քայլը» խբակցության ներկայացուցիչները նշեցին, որ նախագիծն արժանացել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը, քանի որ հակասում է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
Վերջում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն դժգոհեց, քանի որ ԱԺ-ն մերժեց ԼՀԿ խմբակցության ներկայացրած բոլոր չորս նախագծերը: Նա հայտարարեց, որ նման գործելաոճով իշխանությունները թուլացնում են իրենց դիրքերը: Նրան շատ կտրուկ հակադարձեցին կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ ծավալելով թեժ քննարկում: