Գաղտնալսման գործով զննության է ենթարկվել ՀՔԾ պետի բջջային հեռախոսը. ՔԿ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը 2018թ. զբաղեցնող Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով զննության է ենթարկվել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բջջային հեռախոսը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշյալ քրեական գործով ձեռք բերված այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն և հանդիսանում են նախաքննական գաղտնիք:
VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Սասուն Խաչատրյանի և Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը , որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը: Նշված քրեական գործով, որպես վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ:
ՀՀ Քննչական կոմիտեում քննվում է նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ: