Երեխաների ապօրինի որդեգրման գործով բողոքարկվել է մեղադրյալների ազատ արձակման որոշումները
Երեխաների ապօրինի որդեգրման գործով հինգ մեղադրյալներից երեքի ազատ արձակման որոշումները բողոքարվել են Վերաքննիչ դատարան: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Մասնավորապես, Դատախազությունը բողոքարկել է Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի եւ գործով մեղադրյալ քաղաքացի Դ. Գրիգորյանի նկատմամբ կալանավորմանն այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշումները. «Նրանց դեպքում համարվել է, որ գրավի կիրառումը ի զորու չէ չեզոքացնելու կալանքի ընտրության այն հիմքերը կամ մեղադրյալների պատշաճ վարքագծի հետ կապված ռիսկերը, որոնք դատարանը նշել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իր որոշմամբ: »
Ավելի վաղ Դատախազությունը բողոքարկել էր նաեւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը. «Դատախազության համոզմամբ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության մեջ իրեն մեղսագրվող արարքներին Ռ. Աբրահամյանի ենթադրյալ առնչության վերաբերյալ ներկայացված են եղել հիմնավոր փաստարկներ, հիմնավոր կասկածն առավել քան առկա է, հետևաբար դատարանի որոշումը դատախազության գնահատմամբ հիմնավոր չէ»:
Մյուս երկու մեղադրյալների՝ Ա. Գարսանցյանի եւ Ա. Ջերջերյանի մասով գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ՝ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները դատախազություն դեռևս չի ստացվել. «Դրանք ստանալուց և հիմքերին ու պատճառաբանություններին ծանոթանալուց հետո Դատախազությունն օպերատիվ կերպով դիրքորոշում կարտահայտի բողոքարկման հնարավորության վերաբերյալ: Եթե դրանցում դատարանի կողմից արտահայտված կլինեն նույնպիսի իրավական դիրքորոշումներ և ներկայացված նույնպիսի պատճառաբանություններ, ապա դրանք անկասկած ևս կբողոքարկվեն: Հավելեմ նաև, որ դատախազական պատշաճ և հետևողական հսկողության ներքո քննությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ հանցավոր բոլոր դրսևորումները, ինչպես նաև դրանց սխեմաներում ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ: Հընթացս թույլատրելիի սահմաններում կտրվեն անհրաժեշտ տեղեկություններ»,-նշված է Աբրահամյանի հայտարարության մեջ:
Քրեական գործը վերաբերում է 2016-2018 թթ ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարեց նոյեմբերի 14-ին:
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռ. Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով () և 200-րդ հոդվածի 3-րդ կետով, նույն ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, քաղաքացի Դ. Գրիգորյանը՝ ՀՀ ՔՕ-ի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, քաղաքացի Ա. Գարսանցյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: