Կառավարությունում քննարկվել են պետբյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսերի և եկամուտների կատարողականի, ինչպես նաև 2020թ. պետբյուջեի շրջանակում անելիքների վերաբերյալ:
Քննարկումը ծավալվել է 2019թ. պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի հետ կապված ընթացիկ իրավիճակի, պետական գնումների ոլորտում գործող ընթացակարգերի բարեփոխման, օրենսդրական կարգավորումների բարելավման, ինստիտուցիոնալ կառուցակարգերի կատարելագործման, 2020թ. պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների և հարակից այլ հարցերի շուրջ:
Անդրադարձ է եղել, մասնավորապես, պետական գնումների համակարգում գործող 100 տոկոս կանխավճարների պրակտիկայից հրաժարման հետ կապված քայլերին: Վարչապետն ընդգծել է այս ուղղությամբ հետևողական աշխատանքի կարևորությունը և հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին պետական գնումների ոլորտում աշխատանքը կազմակերպել հենց այս սկզբունքով:
Կառավարության ղեկավարը կարևորել է պետական մարմինների կողմից բյուջետային կարգապահության ապահովումը և հանձնարարել նախարարներին և պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում ներկայացնել ճանապարհային քարտեզ 2020թ. կապիտալ ծախսերի և համապատասխան նախագծերի վերաբերյալ: