ԵԱՀԿ ԽՎ նախագահ. Եվրոպայի համար ցավոտ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի
ԵԱՀԿ-ը մեծ ներուժ ունի ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար, սակայն քաղաքական ղեկավարները պետք է կամք ցուցադրեն: Այս մասին ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին:
Նա նշել է, որ հակամարտության լուծմանն ուղղված քննարկումները և քաղաքական առաջնորդների միջև անցկացվող հանդիպումները մեծ նշանակություն ունեն ու նախ և առաջ համապատասխանում են Հարավային Կովկասի ժողովուրդների շահերին:
«ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում մենք Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի հետ քննարկեցինք առաջիկա արտահերթ ընտրությունները, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մասնակցությունը և բարեփոխումների գործընթացը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական առաջնորդների, այդ թվում ՝ արտգործնախարարների հանդիպումների հարցերին, կարծում եմ, որ այդ հանդիպումները միշտ պետք է ողջունվեն: Քանի որ հակամարտությունը լուծելու համար պետք է լինի փոխըմբռնում՝ որպես հակամարտության խաղաղ կարգավորման միջոց: Ես հավատում եմ, որ տասնամյակներ առաջ սկսված ու Եվրոպայի համար ցավոտ հակամարտությունը պետք է լուծվի: Նախ և առաջ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորմամբ շահագրգռված են Հարավային Կովկասի ժողովուրդները: Այս հանդիպումները արժեքավոր են, և ես բացարձակապես համոզված եմ, որ այդ համատեքստը կարևոր է», - նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: