Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը քննող դատավորը ինքնաբացարկ հայտնեց
Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց: Այսպիսով բավարարվեց մեղադրող կողմի ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը:
Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավորին՝ մատնանշելով արտաքին այնպիսի գործոններ, որոնք, ըստ իրենց, կարող են կասկած հարուցել դատարանի անաչառության նկատմամբ:
Մասնավորապես մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Պապոյանին եւ հղում կատարելով «ժողովուրդ» օրաթերթում եղած հրապարակմանը, հիշեցրել՝ 2019-ի մայիսի 21-ին դատավորի աշխատակազմից հայտնել են, որ Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել:
Պատճառն, ըստ հրապարակման, եղել է այն, որ 2019 թվի մայիսի 20-ին, ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում հետևյալ վերտառությամբ հրապարակում է տեղադրել. «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը»: Այս հրապարակման մեջ Գալստյանը նշում էր այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում՝ Մխիթար Պապոյանը: Վերջինս հայտնել է, որ հրապարակումն ամբողջությամբ սուտ է:
Միջնորդությանն առարկել էր պաշտպանական կողմը՝ այն որակելով օրենսդրական անհեթեթ վրիպակներով ակնհայտ անհիմն միջնորդություն: