Սպիտակ տունը չի խառնվում, բախվում են հայկական և թուրքական լոբբիստները. քաղաքագետ
Սպիտակ Տունը Լինդսի Գրահամին Սենատում Ցեղասպանության բանաձևի նկատմամբ խնդրել էր կիրառել վետո միայն այն «օրերի» համար, երբ Էրդողանը Վաշինգտոնում էր: Գրեհեմը ետ է վերցրել վետոն: Հիմա էլ վետո է դրել սենատոր Փըրդուեն: Այս մասին Facebookի իր էջում գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Պայքարը բացառապես հայ-թուրքական տիրույթ տեղափոխվեց, բախվում են հայկական և թուրքական լոբբիստները: Սպիտակ Տունը շարունակելու է չխառնվելու` ճիշտ քաղաքականությունը: Հայաստանի իշխանությունը նույնպես որդեգրել է չխառնվելու` սխալ քաղաքականություն»,- գրել է նա:
VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձեւը Սպիտակ տան խնդրանքով: Այս մասին նա հայտնել է Axios պարբերականի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Նա ասել էր, որ երբ դուրս է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, Սպիտակ տան աշխատակիցը նրան խնդրել է Սենատ վերադառնալ և արգելափակել բանաձևը՝ պատճառաբանելով, թե Բոբ Մենենդեսը մտադիր է քվեարկության դնել ցեղասպանության բանաձեւը, և հարցրել Գրեմին՝ արդյոք նա կարող է արգելափակել բանաձևը: Սենատորի խոսքով՝ խնդրանքը կատարելու միակ պատճառն այն է, որ Էրդողանը դեռեւս քաղաքում է եղել։
Գրեմը նաև խոստովանել է, որ վատ է զգացել իրեն այդ պատճառով, «որովհետև ինձ դուր է գալիս Բոբ (Մենենդեսը)»։ Սենատորի խոսքով՝ նա չի առարկի հաջորդ անգամ։
Անցած շաբաթ Մենենդեսը և Թեդ Քրուզը նորից ներկայացրել էին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, սակայն այս անգամ բանաձեւն արգելափակվեց Սենատում հանրապետականների մեկ այլ դաշնակցի՝ Դևիդ Փերդյուի կողմից։