25.11.2024
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը դեմ չէ, որ ռուս փորձագետները մուտք ունենան լաբորատորիաներ․ դեսպան Թրեյսի

ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում, որ ամերիկյան ֆինանսական միջոցներով ՀՀ-ում վերազինված կենսաբանական լաբորատորիաներ մոտ ապագայում կարողանան մուտք գործել ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներն ու մասնագետները․ այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով պաշտոնական այն հայտարարությունները, որ Երևանն ու Մոսկվան շուտով ստորագրելու են հուշագիր՝ այդ լաբորատորիաները ՌԴ առողջապահության և ռազմական ոլորտի մասնագետների առջև բացելու համար:


Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խնդիր չի տեսնում այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության հարցում: «Մենք հպարտ ենք Հայաստանի կառավարության հետ կենսաբանական անվտանգության հարցերով համագործակցությամբ՝ դեռ 2008-ից: Այս լաբորատորիաները հենց այդ համագործակցության արդյունքն են»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց դեսպանը:


Այս կառույցները, ըստ նրա, հայկական լաբորատորիաներ են, այնտեղ աշխատում են հայ մասնագետներ և դրանք Հայաստանի վերահսկողության ներքո են: «Մենք այս համագործակցության հարցերում շատ թափանցիկ ենք եղել, և Հայաստանը որպես ինքնիշխան պետություն կարող է ինքը տնօրինել այս լաբորատորիաների հետ կապված ցանկացած աշխատանք»,- ասաց դեսպան Թրեյսին, հայտնում է ՍիվիլՆեթը:


Ռուսաստանը «իր սահմանների մոտ ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին և խոստացել հասնել նրան, որ այդ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա: ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներում կենսաբանական հետազոտություններ են արվում, այդտեղ ուսումնասիրվում են վիրուսներ։ Նման լաբորատորիաներ գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:


Մոսկվայում այս լաբորատորիաների գործունեությանը կասկածամտորեն են վերաբերվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ը: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:


«Կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագիրն արդեն պատրաստ է՝ ներքին, միջգերատեսչական համաձայնեցման փուլում է այն»,- նոյեմբերի 11-ին Երևանում հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իր հայ պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ ասուլիսին։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ հուշագրով ռուսաստանցի մասնագետները հնարավորություն են ստանալու մտնել այդ լաբորատորիաներ։


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նույն ասուլիսին նշեց, որ փաստաթուղթը դեռ վերջնականացված չէ․ «Հարցը վերաբերում է անվտանգության ոլորտի առավել լայն համատեքստում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը, և մենք պետք է ավարտենք համաձայնությունների վերջնականացման գործընթացը»:


Արտգործնախարարները հաստատեցին, որ հուշագիրը շուտով կստորագրվի, սակայն նույն օրը՝ նոյեմբերի 11-ին ռուսաստանյան РБК-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը հետաձգել են կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հուշագրի ստորագրումը:


2018-ի հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործելու Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ ինքը դարձել է Հայաստանի վարչապետ»: