Թրամփն երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ երկարաձգել է Իրանի դեմ պաստժամիջոցների մասին 40-ամյա վաղեմության հրամանի գործողության ժամկետը, ասվում է Կոնգրեսին ուղղված նրա նամակում, որը հրապարակվել է կառավարական փաստաթղթերի տվյալների բազայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանի հետ մեր հարաբերությունները առայժմ չեն կարգավորվել»,- ասել է Թրամփը։
Նա երկարաձգել է նախկին նախագահ Ջիմի Քարտերի 12170 գործադիր հրամանագրի գործողության ժամկետը, որը ստորագրվել էր 1979 թվականին՝ այն բանից հետո, երբ Թեհրանում իրանցի ուսանողները գրավել էին ամերիկյան դեսպանությունը։ Հրամանագիրը ԱՄՆ իշխանություններին Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու, Իրանի հետ առեւտուրը համակարգելու լայն հնարավորություններ է տալիս։ Մասնավորապես, այն արգելափակում է ԱՄՆ իրավասության մեջ գտնվող Իրանի ցանկացած պետական սեփականությունը։