24.11.2024
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին հերթական աշխատանքային այցը կկատարի ՌԴ
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հստակ մեսիջը՝ աղքատությունը հաղթահարելու միակ տարբերակը աշխատանքն է

Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի: Եվ սա կառավարության հստակ ուղերձն է հանրությանը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, աղքատության հաղթահարման առաջնային գործիք է համարվում կրթությունը, որովհետև կրթությունն է, որ մարդուն աշխատանքի շուկայում դարձնում է մրցունակ: Սակայն, նկատեց վարչապետը, պետք է հստակ արձանագրել՝ դիպլոմը դեռևս կրթություն չէ և այս հարցի լուծումն է, որ պետք է լինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործունեության առաջնահերթությունը:

«Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր, մեկ կամ հինգ տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Մենք պետք է մեր քաղաքացուն պատրաստենք, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակն աշխատանքն է, ընդ որում, ուզում եմ հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա», - շեշտեց  Նիկոլ Փաշինյանը:


Իսկ բոլոր նրանք, ավելացրեց նա, ովքեր բարեկեցություն են վաստակել հանցավոր ճանապարհով, պետք է չկարողանան նման գործունեությամբ այլևս զբաղվել: 


«Հայաստանում սակավամիտ պայքար է տեղի ունենում՝ մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ: Եթե որևէ մեկին թվում է, որ մեզ դրանով կվախեցնեն, ապա իրենք սխալվում են, որովհետև իրենք հանրության կողմից մերժված են ու մղված են լուսանցք: Եվ այնտեղից դուրս չեն գալու երբեք», - ավելացրեց նա:

Փաշինյանը նկատեց, որ հանրության շրջանում այն պատկերացումն է շարունակում մնալ, թե պետք է լինեն ինչ-որ մարդիկ իշխանությանը կցված, որ փողեր, բրինձ ու ձեթ կբաժանեն: Բայց, հիշեցրեց նա, այդ ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը բարելավելու համար, այլ աղքատության մեջ պահելու, որպեսզի հաջորդ ընտրություններում այդ նույն մարդկանց ձեթով ու բրնձով տանեն ընտրատեղամաս ու քվեարկել տան, այնպես, ինչպես ուզում են.


«Այս պատմությունը Հայաստանում ավարտված է», - ասաց հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը: