23.11.2024
Սիրիայի և Իրանի նավահանգիստները կկապվեն երկաթգծային կապով
prev Նախորդ նորություն

Իրանը Մերձավոր Արևելքում փորձում է կառուցել «pax iranica»

Սիրիայի տուրիզմի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնում է, որ Իրանի Իմամ Հոմեյնիի անվան նավահանգիստն երկաթգծային կապով կապվելու է սիրիական Լաթաքիա նավահանգստի հետ:


Տվյալ տրանսպորտային ուղղությամբ Իրանը կկարողանա ռազմական, նյութա–տեխնիկական աջակցություն ցուցաբերել Սիրիային ու լիբանանյան Հզբոլահ շարժմանը, որի անդամների մի զգալի մասը այժմ գտնվում է Սիրիայում։


Պետք է նշել, որ այդ երկաթգծի կառուցումը հանգեցնելու է Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և հակաիրանական ուղղվածությամբ այլ երկրերի փորձերին` անընդհատ հարվածի տակ պահել այդ երկաթգիծը, որն ունի թե՛ տնտեսական, թե՛ գեոպոլիտիկ նշանակություն:


Նշենք, որ Իսրայելը հասկանում է, որ Իրանը, դուրս գալով Միջերկրական ծով, ավելի է մեծացնելու իր աջակցությունը «շիական առանցքի» իր դաշնակիցներին` ասադյան Սիրիային ու Հզբոլահին, որոնք կսպառնան Իսրայելի անվտանգությանը:


Իսրայելը, արաբական երկրները փորձելու են խաթարել այդ երկաթգծի շինարարությունը, այդ թվում ֆինանսավորելով սունիական տարբեր խմբավորումների Իրաքում՝ կտրելու շիական առանցքը և թույլ չտալով Իրանին դուրս գալ Միջերկրական ծով:


Թեհրանի գործողությունները, որոնք ուղղված են ուժեղացնելու իրանական ազդեցությունը Մերձավոր Արևելքում՝ «pax iranica» կառուցելով Աֆղանստանից մինչև Մահրիբ, հանգեցնելու է Իրանի մի շարք տարածաշրջանային հակառակորդների (Իսրայել, Ծոցի միապետություններ, Թուրքիա, նրանց համակարգող ԱՄՆ–ի) պատասխան քայլերի։


Մերձավոր Արևելքում ցանկացած, անգամ տրանսպորտային նախագիծ դիտարկվում է, որպես աշխարհաքաղաքական «մեսիջ» ու հանգեցնում հակազդող քայլերի։


ԱՄՆ-ի համար շիական գործոնի՝ Իրան-Իրաք-Սիրիա առանցքի ուժեղացումը նույնպես ձեռնտու չէ, քանի որ այն հարվածում է ամերիկյան դաշնակիցների` Իսրայել, Թուրքիա, Ծոցի երկրների շահերին ու անվտանգությանը։


ԱՄՆ-ն, հրահրելով հակամարտություններ և ներխուժելով Իրաք ու Աֆղանստան, կազմաքանդելով այդ պետությունները էթնիկ-կրոնական սահմաններով Իրանը շրջապատել է «հակամարտության օջախներով»` արևմուտքում Իրաք, սիրիական հակամարտություն, արևելքում Աֆղանստանն իր չդադարող «բոլորը` բոլորի դեմ» պատերազմով, իսկ Իրանի հարավում` Պարսից ծոցում, ԱՄՆ-ը տեղակայել է իր ռազմաբազաներն ու 5-րդ նավատորմի կենտրոնատեղին` Բահրեյն, Մանամա նավահանգիստ։


Այսպիսով, Մերձավոր Արևելքում բախվելու են 2 ռազմավարություններ՝ Իրանի կողմից շիական աշխարհը միավորելու և շիական առանցք ձևավորելու գործուն քայլեր և ԱՄՆ-ի՝ Իրանին զսպելու հակազդման մեխանիզմների ստեղծում և հակաիրանական կոալիցիայի ձևավորում:


ԱՄՆ-ն կարող է շիական առանցքին հակազդել սուննիական առանցք ստեղծելով Իրաքում, որը միավորելու է տեղի սունիներին՝ Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությամբ և Կենտրոնական հետախուզական վարչության (ЦРУ) կուրացիայով: