«Սոցիալական մեդիայի ճգնաժամը» զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն «ազատ» երկիր է. «Freedom House
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» վերտառությամբ զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին: Դիտարկված 65 երկրների շարքում Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019թ. գրանցել է ամենամեծ առաջընթացը: Այս տարի Հայաստանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ ստանալով 76 միավոր՝ 2018թ. 73 միավորի փոխարեն:
Զեկույցում մասնավորապես նշվում է. «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են ռեֆորմիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից». նշում է armenpress-ը:
Իր այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի երկրներից առաջատարն է: Ադրբեջանը կրկին ճանաչվել է ոչ ազատ երկիր՝ հավաքելով 39 միավոր՝ նախորդ տարվա 40-ի փոխարեն (45-րդ հորիզոնական)։ Վրաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը՝ 75 միավորը և ճանաչվել է ազատ երկիր (10-րդ հորիզոնական)։ Թուրքիան և Իրանը ոչ ազատ երկրների շարքում են:
Նշենք, որ այս տարի զեկույցում գնահատման միավորների մեթոդաբանությունը փոխվել է: 100 միավորանոց սանդղակում, որքան բարձր է երկրին տրված միավորը, այնքան բարձր է տվյալ երկրում համացանցի ազատության մակարդակը (նախկինում գործում էր հակառակ տրամաբանությունը): Ամենաբարձր միավորներ ստացած երկրներն են Իսլանդիան (95) և Էստոնիան (94), իսկ ամենացածր Իրանն (15) ու Չինաստանը (10):