24.11.2024
Արցախում 19-ամյա զինվոր է մահացել
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Փաշինյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության համար կարևոր գործոնն է: Այս մասին Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՀԱՊԿ շրջանակներում իր համագործակցության բոլոր երեք ուղղություններին:


«Առաջին հերթին ներքաղաքական կոորդինացիան է, ռազմատեխնիկական համագործակցությունը և, իհարկե, անվտանգության ոլորտում մեր միասնական մոտեցումն է ընդհանուր վտանգներին: Վտանգները, ցավոք, նույնպես զարգանում և փոխվում են, և մենք պետք է ադեկվատ լինենք այդ վտանգներին: Մեր կառույցը պետք է համապատասխանի այն իրողություններին, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, աշխարհում, և ես շատ ուրախ եմ, որ մենք բավականին կառուցողական համագործակցում ենք ՀԱՊԿ հետագա զարգացման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:


Նա գոհունակություն հայտնեց, որ կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է համաձայնության հասնել կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում՝ նշելով, որ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշակի իրավական փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կարգավորումներում:


Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը: Նա այս պաշտոնում կփոխարինի գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին, որը գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին՝ Հայաստանի հետկանչի գործընթացի ֆոնին: