22.11.2024
Ուզբեկստանը որոշել է անդամակցել ԵԱՏՄ-ին. ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը
prev Նախորդ նորություն

Իսրայելի համար Ադրբեջանը՝ հակաիրանական պլացդարմ և ռեսուրսային բազա

Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Այս մասին Իսրայել-Ադրբեջան Միջազգային ասոցիացիայի հիմնադիր խորհրդաժողովում հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը:


Տասնամյակներ շարունակ Իսրայելն ամրապնդում է իր ռազմավարական կապերն Ադրբեջանի հետ՝ տնտեսական, էներգետիկ, ռազմական, հումանիտար և այլ ոլորտներում: Ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան կարևոր Իսրայելի համար և ի՞նչ շահեր ունի Հրեական պետությունը Հարավային Կովկասում:


Առաջին հերթին Իսրայելի համար կարևոր է Ադրբեջանի աշխարհագրական դիրքը՝ այդ երկիրը սահմանակցում է Իսրայելի թիվ մեկ հակառակորդ Իրանին: Ադրբեջանի տարածքը շատ հարմար է Իրանի ուղղությամբ հետախուզական, դիվերսիոն և այլ գործողությունների իրականացման համար: Իսրայելի ու Ադրբեջանի շահերն Իրանի ուղղությամբ համընկնում են: Բաքուն ցանկանում է հասնել Իրանական Ադրբեջանի անջատմանն ու պանազերիզմի, պանթուրքիզմի գեոպոլիտիկ ռազմավարությունից ելնելով իրանական այդ մարզի միացմանն Ադրբեջանին: Իսրայելի շահերից է ելնում Իրանի մասնատումն էթնիկ-կրոնական սահմաններով, ինչը կթուլացնի Իրանի դիրքերը Մեծ Մերձավոր Արևելքում, որտեղ բախվում են Իսրայելի ու Իրանի շահերը:


Հակաիրանական պլացդարմին զուգահեռ Իսրայելը դիտարկում է Ադրբեջանին, որպես կարևոր էներգետիկ աղբյուր իսրայելական տնտեսության համար: Իսրայելն Ադրբեջանից նավթ է ներկրում, ապագայում կարող է ներկրել նաև գազ: Իսրայելի համար կարևոր է ապահովել իր էներգետիկ անվտանգությունն ու նավթի ներկրկման դիվերսիֆիկացիայի է հասնում նաև ադրբեջանական նավթի օգնությամբ:


Բացի էներգետիկ շահերից, Իսրայելը բազմամիլիարդանոց զենքեր է վաճառում Բաքվին, որը ցանկանում է ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով: Իսրայելի համար ադրբեջանական ռազմական շուկան նույնպես կարևոր է՝ սեփական ռազմական արդյունաբերության զարգացման և լրացուցիչ եկամուտներ ստանալու առումով: Իսրայելն օգնում է Ադրբեջանին կառուցել ԱԹՍ-ներ արտադրող գործարաններ, արդիականացնում է ադրբեջանական զինուժի զինանոցն ու փոխանակում հետախուզական տվյալներ:


Ռազմա-քաղաքական, տնտեսական շահերին զուգահեռ Իսրայելը ցանկանում է մահմեդական աշխարհում ունենալ դաշնակիցներ: Իսրայելը միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ խնդիրներ չունի մահմեդական աշխարհի հետ՝Ադրբեջանը դրա վառ օրինակ է և նույնպես ծառայում է Իսրայելի արտաքին քաղաքականությանը քարոզչական գործողություններում: Ադրբեջանում է բնակվում մեծաթիվ ու բավականին ազդեցիկ հրեական համայնքն ու Իսրայելի նպատակն է պաշտպանել հրեական համայնքներն աշխարհի ցանկացած կետում:


Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն ունեն պրագմատիկ հենք՝Ադրբեջանին անհրաժեշտ են արդի իսրայելական զենքեր, իսկ Իսրայելի համար կարևոր է ունենալ հակաիրանական կոալիցիայում իր դաշնակցին Հարավային Կովկասում, Թել-Ավիվին հետաքրքիր են ադրբեջանական նավթն ու գազը, ինչպես նաև ադրբեջանական ռազմական շուկան՝իսրայելական արտադրանքն այնտեղ վաճառելու առումով: