Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը որոշում է ընդունել ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը:
«Մենք գիտենք՝ հնչեցվել է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում է ընդունել. այժմ ուսումնասիրվում է Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի միանալու հարցը»,- ասել է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր պալատի ղեկավար Նուրդինժոն Իսմոյիլովի հետ կայացած հանդիպմանը:
Նրա խոսքով՝ Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ կընձեռի՝ վերացնելով առկա որոշակի պատնեշները: Մատվիենկոն հույս է հայտնել, որ համաձայնեցման գործընթացը չի ձգձգվի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովը պատրաստ է մասնակցել Ուզբեկստանում դեկտեմբերին նախանշված խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը: «Մենք պատրաստ ենք մասնակցել, եթե լինի նման հրավեր»,- ասել է նա:
Այժմ ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը: ԵԱՏմ-ին անդամակցելու մտադրություն են հայտնել Մոնղոլիան, Տաջիքստանը եւ Թունիսը, ինչպես նաեւ չճանաչված Աբխազիան, Հարավային Օսիան Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը եւ Դոնբասի ժողովրդական հանրապետությունը:
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մտադրությունը հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այն առումով, որ այդ երկիրը 2012 թ.-ին դադարեցրեց իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:
Ուզբեկստանը նախկինում ևս մեկ անգամ կասեցրել էր իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Դա տեղի էր ունեցել 1999 թ.-ին, սակայն 2006 թ.-ին այդ երկիրը որոշում էր կայացրել կրկին վերադառնալ կազմակերպություն՝ լիիրավ անդամի լիազորություններով:
Ավելի քան 32 մլն բնակչությամբ Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կարեւորագույն դերակատարներից է: Այն ընդհանուր սահման ունի Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիքտսանի, Թուրքմենստանի ու Աֆղանստանի հետ:
Տնտեսական առումով բավականին անբարվոք վիճակում է գտնվում: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2018 թ.-ի տվյալներով՝ ավելի քան 2.5 անգամ զիջում է Հայաստանի ցուցանիշին՝ կազմելով 1.5 հազար դոլար: Տնտեսական ցուցանիշներով ԵԱՏՄ պետություններից այն գերազանցում է միայն Ղրղզստանին. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2018 թ.-ի տվյալներով՝ այնտեղ կազմել է 1.2 հազար դոլար:
Հայաստանը Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից մեծ առավելություններ կամ օգուտներ չի ստանա, մեր զրույցում նշում է տնտեսագետ, ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը՝ մատնացույց անելով ՀՀ-ի ու Ուզբեկստանի միջեւ առեւտրաշրջանառության չնչին տվյալները:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի առեւտրաշրջանառությունն Ուզբեկստանի հետ կազմել է 2.3 մլն դոլար, որը շուրջ 15 տոկոսով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Սակայն մյուս կողմից, Մանուկյանի խոսքով, Ուզբեկստանի անդամակցությունը բարձրացնում է ԵԱՏՄ-ի՝ որպես տարածաշարջանային ինտեգրացիոն միավորի, դերն ու նշանակությունը:
«Այս առումով, իհարկե, դրական պետք է գնահատել Ուզբեկստանի նման որոշումը ԵԱՏՄ-ի համար, որին անդամակցում է նաեւ Հայաստանը: Բարձրանում է կազմակերպության դերը, եթե կուզեք՝ նաեւ գրավչությունը երրորդ պետությունների համար»,- նշում է նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ նոր երկրների անդամակցությանը զուգահեռ ԵԱՏՄ-ում մեծ աշխատանք պետք է տանել հարաբերությունների ու համագործակցության ներքին պարադիգմի փոփոխության ուղղությամբ:
«Պետք է անել այնպես, որ ԵԱՏՄ անդամ պետությունները գտնվեն հավասար համագործակցային դաշտում: Չփորձեն, ասենք, երրորդ պետությունից ներմուծել ապրանքներ, եւ դրանք սեփական ապրանքանիշի տակ վերաարտահանել ԵԱՏՄ այլ պետությունների տարածք: Այսինքն՝ հարստանալ մյուսների հաշվին: Պետությունները պետք է դուրս գան նման անառողջ մրցակցային վիճակից ու ընկալեն իրար որպես գործընկերներ: Հակառակ պարագայում նոր անդամների մուտքին զուգահեռ բարձրանալու են նման մրցակցության դոզան»,- եզրափակեց նա: