Ուղղակի մոլորվել էր. Բաքուն հաստատում է կորուստն իր զինված ուժերում
Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է կորուստն իր զինված ուժերում: Այս մասին հայտնում է nterfax.az-ը հղում անելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը:
Ավելի վաղ, Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Ադրբեջանցիները, չեզոք գոտում թողնելով մեկ դի, հետ են շպրտվել ելման դիրքերը:
Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ռամին Աբդուլռահմանովը:
Ըստ ադրբեջանական Interfax.az-ի, Աբդուլռահմանովն «ուղղակի մոլորվել էր և հայտնվել միջդիրքային գոտում»:
«Աբդուլռահմանովի դին անվտանգ տարհանելու համար դիմում է ուղարկվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի բաժանամունքին»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ Կարմիր խաչն այս պահին բանակցություններ է վարում Երեւանի ու Բաքվի հետ ադրբեջանցի զինծառայողի դին Ադրբեջան վերադարձնելու նպատակով: