23.11.2024
Որոշ կոռուպցիոներներ մտածեցին՝ ԱԱԾ-ում խառն են, իրենց մութ գործերը կարգավորեն․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Տոնոյան, Ցոլակյան, այլ նախարարներ ու Լենա Նազարյան. հրաժարականները մոտ են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններվ` առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թեպետ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետեւողականորեն հերքում է: Նախարարական պորտֆելները ինքնակամ կհանձնեն նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, որն ասել է՝ եթե Ամուլսարը հանք դառնա, ինքը կհեռանա նախարարի պաշտոնից: Հնարավոր է` հրաժարական ներկայացնեն նաեւ Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարները եւ ԿԱ ՊԵԿ ղեկավարները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱՄՆ այցից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետը մտադիր է աշխատանքից ազատելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին նաեւ կառավարության սոցիալական բլոկը համակարգող նախարարների մասով: Խոսքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ՀՀ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փոփոխություններ են սպասվում նաեւ Ազգային ժողովում: Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. նա կլքի նաեւ խորհրդարանի փոխնախագահի աթոռը: «Իմ քայլը» խմբակցությունից կհեռանա պատգամավոր Միքայել Զոլյանը, որը եւս կընդգրկվի ԱԺ-ում նոր ձեւավորվող պատգամավորական խմբում: Եվ առաջիկայում պարզ կդառնա, թե էլ որ պատգամավորները կհամալրեն այս խումբը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականների շղթան, մեր տեղեկություններով, շարունակվելու է։ Հեղափոխության «երկրորդ փուլի» մեկնարկը հայտարարած վարչապետը որոշել է աշխատանքից ազատել էլի մի քանի պաշտոնյաների, որոնք «ձախողել» են աշխատանքը եւ ազդել իր ռեյտինգի անկման վրա։ Այդ ցանկում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ում հրամանը կլինի արդեն հաջորդ շաբաթ։ Ֆելիքս Ցոլակյանին աշխատանքից կազատեն հիմնականում Արթուր Վանեցյանի հետ ունեցած մտերմության համար, իսկ ՔԿ նախագահին՝ որպեսզի քրեական գործերի՝ դատարան չհասնելու հանգամանքը բացատրեն հանրությանը։ Բայց հեռացվածներից ոմանց առաջարկներ կարվեն, ինչպես Օսիպյանին արվեց՝ վարչապետի գլխավոր խորհրդական, որ իշխանության հակառակորդների բանակը չուժեղանա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարվել են դեռեւս հայտնի գաղտնալսումներից հետո, սակայն Փաշինյանը չի շտապել ազատվել Վանեցյանից՝ համարելով, որ իր իշխանությունը այնքան էլ ուժեղ չէ նման ցնցմանը դիմանալու համար: Հիմա Փաշինյանը համարում է, որ իր իշխանությունը բավական հասունացած է նման քայլի գնալու համար: Բացի ներքին դրական ազդակներից, Փաշինյանն ունեցել է Վանեցյանից ազատվելու արտաքին դրական ազդակներ եւս»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վալերի Օսիպյանի հրաժարականը որքան էլ սպասված, սակայն անակնկալ էր բոլորի համար, քանի որ դեռեւս սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Օսիպյանին հոկտեմբերի 24-31-ը ԱՄՆ գործուղելու մասին։ Նա պետք է մասնակցեր ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին։ Մինչդեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, քանի որ նախօրեին ԱԽ նիստում կրքերը թեժացել էին, Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու հողի վրա տարաձայնություններ եղել, եւ Օսիպյանն առարկել էր վարչապետին՝ ներկայացնելով ուժ կիրառելու վտանգները, ինչը դուր չէր եկել Փաշինյանին, եւ նա ասել էր՝ եթե ինքը չի կարող, մեկ ուրիշը կանի։ Սակայն նրան անգործ չթողեցին, եթե մինչ օրս նշանակվածները վարչապետի շարքային խորհրդականներ են, հատուկ նրա համար ստեղծվեց գլխավոր խորհրդականի պաշտոնը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ քառօրյային կհայտարարվի Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ «Իմ քայլը» խմբակցությունը խորամանկ քայլ է արել, սկզբում չեն միացել նախաձեռնությանը, երբ արդեն հավաքվել է պահանջվող 33 ստորագրությունը՝ ԲՀԿ-ից եւ ԼՀԿ-ից, եւ ձեւաթուղթը ներկայացվել է ԱԺ նախագահին, խմբակցության ղեկավարը հայտնել է, որ իրենք եւս միանում են։ Նախաձեռնությունը ԲՀԿ-ինն է, մասնավորապես՝ Սերգեյ Բագրատյանինը։ Հենց նա էլ կգլխավորի հանձնաժողովը, որը 18 անդամ կունենա, 11-ը՝ իշխող խմբակցությունից, 6-ը՝ ԲՀԿ-ից, 2-ը՝ ԼՀԿ-ից։ Կկոչվի «Մետաղական հանքավայրեր շահագործող տնտեսվարող սուբյեկտների թափանցիկության եւ հաշվետվողականության ուսումնասիրման նպատակով» ստեղծվող հանձնաժողով, որը կքննի նաեւ Ամուլսարի հարցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնաբերեցինք, որ Ազգային ժողովի կայքում ԱԺ նախագահը դեռեւս Հովիկ Աբրահամյանն է։ «ԱԺ նախագահի կարգադրություններ» բաժնում տեղադրվել էր մի փաստաթուղթ, որով հայտնում են 2019 թ․ սեպտեմբերի 20-ին արտահերթ նիստ հրավիրելու մասին, օրակարգում Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցն է։ Կարգադրության տակ ստորագրված՝ «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան», ինչից պարզ է դառնում, որ ԱԺ աշխատակազմում ուղղակի «քոփի-փեստ» են անում հին փաստաթղթերը՝ առանց իրենց նեղություն տալու ստուգել տեքստում առկա անունները, ամսաթվերը, բովանդակությունը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում, որը վարել է ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Թերթի ՀԱԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Հիմնական քննարկվող թեման կապված է եղել ՍԴ շուրջ ընթացող գործընթացների եւ ընդհանուր ներքաղաքական զարգացումների հետ։ Ըստ տեղեկությունների, ՀԱԿ-ում որոշել է են իրենց թիմակիցների մեկնաբանություններով ավելի սրել ՍԴ-ին ուղղված քննադատությունները, ավելի ակտիվ լինել ՍԴ կազմը փոխելու եւ իրենց թեկնածուին՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու «պահանջատիրության» հարցում։ Ի դեպ, արդեն իսկ ակնառու է, որ հենց այս քաղաքական ուժի ներկայացուցիչները նշյալ հարցում ամենաագրեսիվն են։ Ուշագրավ է, որ հենց այդ հանդիպումից հետո կտրուկ ակտիվություն ցուցաբերեց նաեւ ԱԺ իմքայլական խմբակցությունը: Հավելենք, որ նույն աղբյուրների փոխանցմամբ, քննարկման ժամանակ Տեր-Պետրոսյանը հանգամանալից հետաքրքրվել է Ամուլսարի խնդրի հետ կապված հարցերով, նշել, որ այս փուլում պետք է ամեն կերպ սատարել Փաշինյանի կառավարությանը, քանի որ այս հարցի հետ կապված գրեթե գտնվում են փակուղու առաջ։ Քննարկման առանցքը եղել է նաեւ այն, որ ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչները, որոնք սոցցանցերում եւ լրատվականներում ակտիվ են, հատկապես Մարտի 1-ի, ՍԴ-ի եւ Ամուլսարի հարցում հստակ պաշտպանեն փաշինյանական «գիծը»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել: Սակայն նկատեք, որ նախարարությունը գաղտնի է պահում, թե վարույթները կոնկրետ ում դեմ են հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ նախարարի կողմից հարուցված վարույթներից երկու դատավորի գործը հասել է Բարձրագույն դատական խորհուրդ: Մեր տեղեկություններով՝ ԲԴԽ է ուղարկվել Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին եւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Խաչիկյանը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքները: «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Փոխանակ խրախուսելու, ասելու՝ գիտես 65 տարեկան ես դառնում, շնորհակալություն ենք հայտնում քո ներդրման համար... ես ոչ մեկի օրոք աղաղակող որեւէ բան չեմ ունեցել: Էլ ես չեմ դիմանում, էլ չի հերիքում գաղափարս»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով: Նշենք, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը նախատեսում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ստեղծել նոր տեխնիկական բազա «SSJ10» ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով: Ավելին՝ նա ամռան ամիսներին՝ ՌԴ կատարած այցի ժամանակ, հանդիպել է «ԻԼ» հասարակական բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Յուրի Գրուդինինի հետ եւ քննարկել ՌԴ-ում գործող ավիաշինարարական եւ ավիավերանորոգման գործարանների պատվերով Հայաստանի տարածքում ինքնաթիռների պահեստամասերի արտադրություն հիմնելու հնարավորությունները»:


«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես թե այնուամենայնիվ կժամանի Հայաստան, բայց ընդամենը մի քանի ժամով։ Նա Երևանում չի մնալու, մասնակցելու է միայն ԵԱՏՄ ձևաչափով միջոցառումներին ու մեկնելու է։ Չի բացառվում, որ անգամ պաշտոնական ճաշին չմասնակցի։ Հայկական կողմը երկկողմ հանդիպում է խնդրել, սակայն այս պահի դրությամբ ռուսական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ ցանկությունը մերժել է»:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին տասնօրյակում Արցախում բավականին նկատելի կերպով ակտիվացել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի ներկայացուցիչները ընտրություններին ընդառաջ հրապարակային հայտարարություններ են հնչեցնում։ Փաստ» թերթի տեղեկություններով, Դաշնակցությունը Արցախի քաղաքական դաշտում գործող ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական կուսակցությունների հետ ինտենսիվ կոնսուլտացիաների մեջ է մտել՝ մեկ միասնական թեկնածուով եւ ընդհանուր միասնական օրակարգով ընտրություններին մասնակցելու հարցում։ Ըստ տեղեկությունների, Դաշնակցությունը փորձում է իր դիրքորոշումները գեներացնել գլխավորապես ընդգծված ազգային գաղափարական «գծի» մեջ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի, նոտարների և կազմակերպությունների կողմից 2020 թվականի հունվարի 1-ից՝ 2 միլիոն, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 1 միլիոն, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 300,000 դրամը գերազանցող ապրանքների (գույքի) իրացման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում (գործարքի գումար) դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձևով` Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել Անկանխիկ գործառույթների մասին օրենքի նախագիծը: Այն կընդունվի մինչև հոկտեմբերի վերջ և հաջորդ տարվա հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ: Այս օրենքը, ըստ էության, էապես սահմանափակելու է կանխիկ դրամի շրջանառությունը»: