24.11.2024
Երևանում քննարկվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
prev Նախորդ նորություն

Մենք պարտավոր ենք վստահել Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովն. ապրիլյանի մասնակից

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը փակ նիստում հրավիրել է 2016-ի գործողություններին մասնակից ժամկետային զինծառայողի, ով հանձնաժողովի անդամներին տրամադրել է շատ կարևոր տեղեկություն:


Այս մասին հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:


«Մենք այսօր հրավիրված անձի կողմից ստացանք շատ կարևոր ինֆորմացիա: Խոսքը վերաբերում է առաջնագծում եղած իրավիճակին: Մարդ էր, որը ավելացրեց մեր իմացությունը Ապրիլյան դեպքերի մասին, մարդ, որն անմիջական մասնակցություն է ունեցել առաջնագծում »,-ասաց Քոչարյանը:


Հրավիրված անձի մասին այլ մանրամասներ նա չհաղորդեց, նշեց միայն՝ առաջնագծի հերոսապատումը կերտած զինվորներից մեկն է: Հարցին, թե նա այդ ընթացքում ժամկետային զինծառայող է եղել, Քոչարյանը դրական պատասխան տվեց: Քոչարյանի խոսքով՝ նիստում աշխատանքների ընթացքում ուսումնասիրել են, թե առաջնագծում ինչպիսի իրողություններ են եղել:


Անդրադառնալով հանձնաժողովի փակ նիստերին արդեն հրավիրված ու հրավիրվելիք անձանց՝ նա նշեց, որ ունեն հրավիրյալների հաստատած ցանկ, որը չի պակասել, հակառակը՝ ավելացել է: Քոչարյանի խոսքով՝ մինչ այս հանձնաժողովի նիստերին հրավիրվել են այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն անուններ չհրապարակեց:


Հանձնաժողովն ակտիվ աշխատել է նաև ամռանը, աշխատել է մեծ քանակի նյութերի ու մարդկանց հետ: Քոչարյանը վստահեցրեց՝ օր օրի հանձնաժողովը դառնում է ավելի պրոֆեսիոնալ: Հանձնաժողովի նախագահը նշեց՝ ամեն ինչ անելու են, որպեսզի ՊՆ-ում որևէ թերացում չլինի ապագայում:


Միեւնույն ժամանակ մեզ հաջողվեց պարզել, թե ով է եղել հանձնաժողով հրավիրված անձը: Խոսքն ապրլյան քառօրյա պատերազմին մասնակից Հրանտ Սարկիսովի մասին է:


Նա մասնավորապես Facebook-ի իր էջոմ դրվատանքի խոսեր է գրել հանձնաժողովի մասին՝ նշելով, որ մասնակցել է նիստին: «Մտածում էի գրել թե ոչ, սակայն պարտավոր ե՛մ, պարտավոր եմ իմ մարտական ընկերներին ճիշտը ասել:
Տղե՛րք,


Եզակիներդ գիտեիք, որ ես այսօր հրավիրված եմ եղել ՀՀ ԱԺ «2016 թվականի ապրիլյան դեպքերը քննող ժամանակավոր հանաձնաժողով»...


Ես պետք է շնորհակալություն հայտնեմ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրին՝ հանձնաժողովի նախագահ պարոն Քոչարյանի գլխավորությամբ:


Այն ինչին, որ հավատում էի մինչեւ աշխատանքների սկսվելը արդարացվեց: Այսօրվա հանդիպումը ապացուցեց, որ քննիչ հանձնաժողովը ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ Է, որ Քննիչ հանձնաժողին Մենք ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՎՍՏԱՀԵԼ, անդամներից եւ ոչ մեկը քաղաքականությունը չխառնեց ապրիլյան դեպքերի հետ:


Շնորհակալ եմ տիկին եւ պարոնայք պատգամավորներ», - ասված է նրա գրառման մեջ: