Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:
Մինչ այդ վարչապետը հանդիպել եւ Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել էր Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ:
Այդ հանդիպմանը մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին եւ հանրային մտահոգություններին:
Վարչապետը կարեւորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող հարցերի շուրջ եւ նշել, որ Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է հենված լինի Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա, իսկ հետագա քայլերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղադրիչները համալիր ամբողջության մեջ դիտարկելու կարեւորությունը:
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում նիստ էր հրավիրել, որին մասնակիցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին ներկա է եղել նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանդիպմանը քննարկել են բացառապես Ամուլսարի հանքի շահագորման հարցը, լսել են կարծիքներ եւ ներկայացրել են առկա իրավիճակը։
«Սրություն չկա, համերաշխ է անցել, լսել ենք կարծիքներ եւ քննարկել։ Եզրահանգում դեռեւս չկա, եթե լինի, հանրությունը կիմանա անպայման»,- ասել էր Սիմոնյանը։
Անդրադառնալով քննարկումներին, որ խմբակցության ներսում թեմայի շուրջ տարակարծություններ կան, Սիմոնյանն ասաց. «Տարակարծություն չկա, բովանդակային քննարկում է։ Չի բացառվում որ հանքն ընդհանրապես չշահագործվի, եւ չի բացառվում, որ սկսի շահագաործվի։ Մենք չենք կարող ռիսկի դնել ոչ մեր բնությունը, ոչ մեր պետության վարկանիշը, դրա համար պետք է սպասել վերջնական արդյունքներին»։
Սիմոնյանն ասաց, որ քննարկման ընթացքում պատգամավորները հարցեր են ուղղել վարչապետին ու փոխվարչապետ Ավինյանին, վերջիններս պատասխանել են, ներկայացրել առկա իրավիճակը։
«Վարչապետի դիրքորոշումը հայտնի է: Ինչ վերաբերում է խոսքին, ապա այն նրա մասին է, թե այսօր ինչ իրավիճակ կա»:
Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար, սակայն բնապահպանները տևական ժամանակ թակ էին պահում դեպի Ամուլսար ճանապարհները:
Կառավարությունը Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացության համար 2019-ին դիմել էր լիբանանյան «Էլարդ» ընկերությանը՝ պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացնելով 396 հազար ԱՄՆ դոլար: Կառավարությունից հայտարարում էին, որ միայն այս եզրակացությունը ստանալուց հետո Ամուլսարի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն։ Փոձագիտական եզրակացության մեջ նշված էր, որ ռիսկերը կառավարելի են, եթե պատշաճ մոնիտորինգ իրականացվի։ Բնապահպանները դեմ են Ամուլսարի շահագործմանը եւ պնդում են, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։
Վերջերս կայացած Skype-կոնֆերանսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն. «Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի»:
Ի դեպ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են: Ի դեպ, հենց Գրիգորյանն է 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը:
Փորձագետները կասկածի տակ էին դրել Իվանյանին անաչառությունը` անելով հետևյալ հարցադրումը. ինչպե՞ս պետք է Յուրա Իվանյանը քններ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը, եթե այդ պաշտոնյան հորեղբոր որդին է: Այս ամենից հետո Քննչական կոմիտեում Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն նշանակվեց: Այն դեռեւս չի ավարտվել:
Շրջակա միջավայրի նախարարությունը սեպտեմբերի 4-ին ներկայացրել է Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման անհրաժեշտության մասին իր եզրակացությունը: Պարզվել է, որ հանքավայրի անվտանգ շահագործման հետ կապված մի շարք ելակետային տվյալներ սխալ են եղել: