Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետը պարզաբանում է
Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը եւ բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ:
Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչու՞ եմ այս հարցը տվել, որովհետեւ օգոստոսի 19-ի ուղիղ եթերում ասել էի, որ այս հարցով իմ համոզվածությունը 99.9 տոկոս է, ոչ 100 տոկոս՝ նույն օրն առավոտյան տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով:
Բոլոր ներկաները, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, ինչպես օգոստոսի 19-ի խորհրդակցության ժամանակ՝ տվեցին բացասական պատասխան:
Արդեն պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը ասաց, որ այնուամենայնիվ կարծում է, որ հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո:
Դրանից հետո աշխատակազմին հանձնարարեցի «Էլարդի» եզրակացությունն ուղարկել շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան հանձնարարականով», - ասված է նրա գրառման մեջ: