23.11.2024
ՀՀ Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանին անակնկալներ է խոստանում
prev Նախորդ նորություն

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը այս իշխանությունների վերջը կնշանակի

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը այս իշխանությունների վերջը կնշանակի: Եվ ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը այդ քայլին կգնա: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը՝ կարծիք հայտնելով, որ հասարակական այս լայն ընդվզումը հաշվի առնելով իշխանությունները կխուսափեն այդ փաստաթուղթը ուղարկել ԱԺ վավերացման:


Նա նշեց, որ Եվրամիությանֆինանսավորմամբ Հայաստանում կոնվենցիայի վավերացման ակտիվ նախապատրաստական գործողություններ են իրականացվում, իսկ պաշտոնյաները, օրինակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անապիոսյանը հայտարարում են, որ հույս ունեն, որ Հայաստանը շուտով կվավերացնի փաստաթուղթը, որը  անհրաժեշտ իրավական հիմք կստեղծի ընտանեկան բռնության դեմ պայքարում առաջընթաց արձանագրելու համար:


«Հայ հասարակության հիմնական պահանջը ավանդական արժեքների պահպանումն ու պաշտպանությունն է, քանի որ այդ կոնվենցիայում առկա դրույթները առաջինը հենց դրանց են սպառնալիք հանդիսանում: Իհարկե, դրական ֆոն է ստեղծվում, թե այն ընտանեկան բռնության դեմ պայքար է և այլն, սակայն իրականում կոնվենցիան ճանապարհ են բացում Հայաստանում ԼԳԲՏ համայնքի հատուկ իրավունքների լեգիտիմացման համար: Այն փաստը, որ ԵԽ 47 անդամ պետություններից 34 երկիր է վավերացրել կոնվենցիան, մինչդեռ 11 երկիր այն ստորագրել է, բայց չի վավերացրել (Հայաստան, Բուլղարիա, Չեխիա, Հունգարիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Մոլդովա, Սլովակիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա), իսկ երկու երկիր ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, անգամ չեն ստորագրել այդ փաստաթուղթը ազդակ պետք է լինի մեր ղեկավարության համար», - ասաց Արման Ղուկասյանը:


Նրա խոսքով, որոշ իշխանավորների այն պնդումները, թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության և Հայաստանում «երրորդ սեռ» հասկացության ներդրման համար չէ վավերացվում Ստամբուլյան կոնվենցիան ոչ այլ ինչ են, քան իրականության խեղաթյուրում: Դրանում համոզվելու համար հարկավոր է միայն ընթերցել փաստաթուղթը և դրա առանձին դրույթներ: Հետևաբար, Ղուկասյանը խորհուրդ տվեց պատգամավորներին ու իշխանության մյուս ներկայացուցիչներին ուշադիր ընթերցել այն:


«Սևով սպիտակին գրված դրույթները վառ վկայությունն են, որ Հայաստանում փորձ է արվում ԼԳԲՏ անձանց իրավունքները լեգիտիմացնել, պաշտպանել: Իսկ այն պնդումները, թե ովքեր դեմ են վավերացմանը, նշանակում է խրախուսում են ընտանեկան բռնությունը, էժանագին մանիպուլյացիաներ են: «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է ցանկացած բռնություն և կանանց կամ տղամարդկանց իրավունքների ոտնահարում, բայց մենք նաև դատապարտում ենք Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու բոլոր փորձերը, քանի որ դրա իրական նպատակը այն է, ինչ մենք նշում ենք: Իսկ դա հայ հասարակությունը երբեք թույլ չի տա»,- շեշտեց Արման Ղուկասյանը:


Իր հերթին կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշեց, որ կոնվենցիան մի շարք վտանգավոր դրույթներ է պարունակում «կարծրատիպային» պրակտիկան վերացնելու, փոխելու առումով, ինչը միտված է քողարկելու այն դրույթների սպառնալիքը, թե ինչ ասել է սեռ: Օրինակ, հոդված 14-ը վերաբերում է
ազգային մակարդակով կրթական ծրագրերում նյութերի ներդրում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են տղամարդկանց և կանանց միջև հավասարությունը, ոչ կարծրատիպային գենդերային դերերը, սեռի հասկացություն և այլն:


«Ակնհայտ է, որ «ոչ կարծրատիպային գենդերային դերեր» ասվածի տակ ամեն ինչ կարելի է հասկանալ», - ասաց նա՝ հիշեցնելով, որ Եվրոպայի մի շարք երկրներում երեխաներին փոքրուց ադապտացնում են այն մտքին, թե կարևոր չի ինքն ինչ սեռի է, նա կարող է մեծանալ ու ինքը որոշել՝ կին է իրեն զգում, թե տղամարդ:


Բացի այդ, Կոստանյանն առաջարկում է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ կոնվենցիան ենթադրում է մոնիթորինգային մեխանիզմի ներդրում, ինչը նշանակում է, որ այլ պետություններ կարող են Հայաստանում ուսումնասիրել, մոնիթորինգի ենթարկել կոնվենցիայի կիրարկումը, հենվելով նաև քաղաքացիակայն սեկտորի ներկայացուցիչների կարծիքի վրա: Իսկ այն, որ քաղաքացիական սեկտորը տարիներ շարունակ սնվում է արևմտյան հիմանդրամներից ու կազմակերպություններից որևէ մեկի համար գաղտնիք չէ.


«Այն, որ Հայաստանում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ աշխատում են արևմտյան ազդեցության ներքո, սպասարկելով որոշակի խմբերի շահերը, մասնավորապես նպաստելով ԼԳԲՏ համայնքի շահերին, մեզ թույլ է տալիս պնդել, որ այդ մոնիթորինգային գործիքը Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար է», - ասաց նա:


Ամփոփելով  և՛ Արման Ղուկասյանը, և՛ Ծովինար Կոստանյանը շեշտեցին, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը ընդդիմանալը ամենևին չի նշանակում, որ կուսակցությունը դեմ է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներին: Կուսակցությունը դեմ է մեր քաղաքական և իրավական միջավայր այսպես կոչված «գենդերային հավասարության» հասկացությունների ներթափանցմանը, որոնք խորթ են հայկական ավանդույթներին ու կոնկրետ համայնքի դիրքերն ամրապնդելուն են ուղղված: Եվ եթե Ազգային ժողովի կողմից այդ փաստաթուղթը վավերացնելու փորձեր արվեն, ապա «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը կմոբիլիզացնի իր համախոհներին՝ այս նախաձեռնությունը տապալելու համար: