24.11.2024
Գլխավոր դատախազությունը պարզաբանում է դատավոր Դավիթ Գրիգորյանի քրգործի մասով
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն առաջնորդվելու է ըստ մեր ազգային շահերի, նպատակների և առաջնահերթությունների. Գրիգորյան

Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը:


Նիստը նախագահող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր խոսում նշել է, որ նիստը նվիրված է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների մեկնարկին.


«Այս միջոցառումն ունի կարևոր խորհուրդ. մենք քաջ գիտակցում ենք, որ Ազգային անվտանգության ռազմավարությունն այն առանցքային փաստաթուղթն է, որը յուրաքանչյուր պետության կայուն և անվտանգ զարգացման համար ունի հիմնարար նշանակություն: Մեր ազգային շահերն ու նպատակներն արտացոլող ռազմավարական փաստաթղթում կամփոփվեն ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացման նոր հնարավորությունների զարգացման և ընդլայնման նախաձեռնողական գործուն ուղիները ու մոտեցումները, ինչը հնարավորություն կտա վերաիմաստավորելու մեր անելիքները միջազգային հարթակում, տարածաշրջանում և մեր երկրի ներսում:


Բազմաշերտ այս գործընթացում մեկ բան ակնհայտ է՝ մենք պատրաստվում ենք առաջնորդվել ըստ մեր ազգային շահերի, նպատակների և առաջնահերթությունների: Հենց այդ պատասխանատվությամբ էլ պայմանավորված է միջգերատեսչական այս հանձնախմբի կազմի ներկայացուցչական մակարդակը: Վստահ եմ, որ մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով ստանձնելու գործընթացի առաջնորդությունը՝ ապահովելով ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլ նաև հանրային շրջանակների ակտիվ ներգրավվածություն փաստաթղթի նախագծի մշակման ողջ գործընթացում»,- ասել է Գրիգորյանը:


Ելույթին հետևեց ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի փակ քննարկումը: