25.11.2024
Արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի հարցով
prev Նախորդ նորություն

Դատական գործերի աննախադեպ աճ․ լրագրողները հետհեղափոխական շրջանում շարունակում են բողոքել

2019 թ. առաջին կիսամյակում գրանցվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի աննախադեպ աճ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որը զեկույց է պատրաստել:


Դրանց թիվը հասել է 56-ի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 10-ի դիմաց։ Ընդ որում՝ 2019-ի դատական գործերի ճնշող մեծամասնությունը՝ 53-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով է, երկուսը վերաբերում է տեղեկատվություն ստանալու իրավունքին, մեկը ֆինանսատնտեսական վեճ է։


Լրագրողների եւ ԶԼՄ-ների ներգրավվածությամբ վերը նշված 56 նոր դատական գործերից 19 դեպքում հայցերը ներկայացվել են շարքային քաղաքացիների կողմից, 19 գործերում հայցվորները քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ (նաեւ՝ նախկին), պետական մարմիններ են, 7-ում՝ գործարարներ ու մասնավոր ընկերություններ են, 3-ում՝ ՀԿ-ներ, 2-ում՝ դատավորներ, 2-ում՝ փաստաբաններ են, 2 դատական վեճ լրատվամիջոցների եւ/կամ լրագրողների միջեւ է, եւս 2 դեպքում ԶԼՄ-ներն են դիմել դատարան՝ ընդդեմ պետական մարմինների:


Լրագրողները հետհեղափոխական շրջանում շարունակում են բողոքել, որ պետական մարմիններից տեղեկություններ հայցելիս բախվում են լուրջ խնդիրների։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ԽԱՊԿ-ի արձանագրած փաստերը վկայում են, որ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների քանակը 2,5 անգամ գերազանցում է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Աճել է նաեւ ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը՝ ավելի քան 2 անգամ։


Դիտարկվող ժամանակաշրջանում շարունակվել է միտումը, երբ հանրային ու քաղաքական դեմքերն ու պաշտոնյաները, լսելով իրենց համար ոչ հաճո հարցեր, վիրավորում կամ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ, փորձում են «դասեր» տալ նրանց։ Այսպիսի պահվածքով հատկապես աչքի է ընկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչը լրագրողական 10 կազմակերպությունների կրկնակի հայտարարությունների առիթ դարձավ։


Ընդհանուր առմամբ, 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 151 դեպք։ Դրանցից 2-ը ֆիզիկական բռնությունների փաստեր են, 83-ը՝ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքեր, 66-ը՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ։


Ստորեւ ներկայացնում ենք այդ տվյալները՝ ըստ այս տարվա եռամսյակների, ինչպես նաեւ՝ 2018-2019 թվականների առաջին կիսամյակների համեմատական տվյալները՝ աղյուսակներով։


 


Հետհեղափոխական 2019-ը սկսվեց լրատվական դաշտում նկատելի վերադասավորումներով, մասնավորապես՝ հեռուստաընկերությունների սեփականության վերաբաշխմամբ։ Այս գործընթացն իրականացվեց նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջեւ, առանց նոր կառավարության միջամտության։ Վերադասավորումների արդյունքում էլ ավելի ընդգծվեց ԶԼՄ-ների բեւեռացումը՝ ըստ քաղաքական ճամբարների։ ԶԼՄ-ները, եկամտաբեր չլինելով որպես բիզնես, հաճախ հայտնվում են տարբեր ուժերի ազդեցության տակ եւ վերածվում քարոզչամիջոցների։


Այս պայմաններում հրատապ է դարձել ԶԼՄ-ների սեփականության եւ ֆինանսական աղբյուրների թափանցիկության խնդրի լուծումը, ինչը օրենսդրական բարեփոխումներ է պահանջում։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գործընկեր կազմակերպությունների հետ ավարտել է աշխատանքները «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վրա, որում նախատեսված են մեխանիզմներ ոչ միայն սեփականության թափանցիկության ապահովման, այլեւ հեռարձակման ոլորտում հարաբերությունները արդիականացնելու, մրցակցությունը զարգացնելու համար։ Օրինագիծը ներկայացվել է խորհրդարան, հրապարակվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կայքերում, եւ երեք գործընկեր կազմակերպությունները հայտարարել են փաստաթղթի լայն քննարկման մեկնարկի մասին։


Դիտարկվող ժամանակաշրջանում ԽԱՊԿ-ը շարունակել է հետեւել 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում եւ 2016թ. հուլիսի 29-30-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերին, որոնցից յուրաքանչյուրում 20-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ տուժող են ճանաչվել։ Այդ գործերից առաջինը 2019-ի մարտի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը կասեցրեց՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու» պատճառաբանությամբ։ Ապրիլի 2-ին ԽԱՊԿ-ի փաստաբանը, պաշտպանելով տուժած լրագրողների շահերը, բողոք ներկայացրեց ՀՀ դատախազություն, որը ապրիլի 15-ին վերացրեց ՀՔԾ-ի որոշումը եւ հանձնարարեց այդ ծառայությանը վերսկսել նախաքննությունը։


Ինչ վերաբերում է անցած տարի կասեցված «Սարի թաղի» գործին, ապա դրա առնչությամբ կայացրած ՀՔԾ-ի որոշումը տուժած լրագրողները, ԽԱՊԿ-ի աջակցությամբ, բողոքարկում են դատական կարգով։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 4-ին մերժում ստանալուց հետո մայիսի 8-ին բողոք ներկայացվեց վերաքննիչ ատյան, որտեղ քննությունը շարունակվում է։