Չինաստանի իշխանությունները չեն հավատում FedEx ամերիկյան ընկերության բացատրություններին առ այն, թե չինական Huawei ընկերության կարեւոր փաստաթղթերով ծանորցները սխալմամբ են ուղարկվել ԱՄՆ։ Այդ բացատրությունները չեն համընկնում փաստերի հետ։ Այս մասին հայտնում է չինական Սինխուա գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի իրավապահներին։
Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պատերազմի ֆոնին ԿԺՀ իշխանությունները ամիսներ առաջ հետաքննություն են սկսել FedEx արագ առաքման ծառայության նկատմամբ: Ամերիկյան ընկերությունը մեղադրվում է Huawei-ի հաճախորդների համար նախատեսված մի քանի ծանրոցների ԱՄՆ ապօրինի տեղափոխման մեջ: «FedEx-ը լրջորեն խախտել է հաճախորդների օրինական իրավունքներն ու շահերը»,- հաղորդել էր Չինաստանի Xinhua լրատվական գործակալությունը:
«Հետքննությունը ցույց տվեց, որ FedEx-ի՝ Huawei ընկերության փաստաթղթերը սխալմամբ ԱՄՆ ուղարկելու բացատրությունը հակասում է փաստերին», - հայտնում է Սինխուա գործակալությունը։ Չինացի իրավապահները նաեւ կասկածում են, որ FedEx-ը դիտմամբ ուշացրել է Huawei-ի շուրջ 100 ծանրոցների առաքումը։ Նշվում է, որ Չինաստանի իրավապահները շարունակելու են հետաքննությունը։
Ավելի վաղ Huawei չինական հեռահաղորդակցային կոնցեռնը FedEx-ին մեղադրել է այն բանում, որ Huawei-ի Ասիայում գտնվող մասնաճյուղերի փոխարեն ամերիկյան ընկերությունը Huawei-ի համար նախատեսված մի շարք փաթեթներ ուղարկել է Միացյալ Նահանգների կենտրոնական բազա:
FedEx-ը ներողություն է խնդրել, հավաստիացնելով, որ ծանրոցները պատահականորեն են ուղարկվել ԱՄՆ:
Չինաստանի հետ առևտրային պատերազմ սկսած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն սրել է մի քանի շաբաթ առաջ Huawei-ն ընդգրկելով «սև ցուցակում», ընկերությանը մեղադրելով լրտեսության մեջ: Արդյունքում, մի շարք համակարգչային չիպեր արտադրողներ և Google ինտերնետ-կոնցեռնը սահմանափակել կամ լիովին դադարեցրել են համագործակցությունը Huawei-ի հետ:
Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների, Պեկինը մայիսի 31-ին հայտարարել է, որ մտադիր է հրապարակել «անհուսալի» օտարերկրյա ընկերությունների, կազմակերպությունների և անհատների ցանկը, որոնք վնաս են հասցնում չինական ձեռնարկությունների շահերին: Չինաստանը սպառնացել է նաև սահմանափակել ԱՄՆ հազվագյուտ մետաղների արտահանումը, որոնք անհրաժեշտ են համակարգիչների, սմարթֆոնների, էլեկտրատեխնիկայի և ավտոմոբիլների արտադրության համար: